211652_close_icon
views-count3400 դիտում article-date 18:17 16-04-2019

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Հուշագրով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի և Իրանի սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքը ճիշտ սահմանելու համար: Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջ կողմերի միջև հաստատվեց համագործակցություն և փոխադարձ օժանդակություն, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց արդյունավետ կազմակերպել սահմանով անցնող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը: Փաստաթղթի ստորագրմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև ավելի ամրապնդվեց գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման առումով: Երկկողմ առևտրաշրջանառության աշխուժացման համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ` ուղղված մաքսատուրքերից, հարկերից և վճարներից խուսափելու դեմ պայքարին: Այցի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆահրադ Դեջբասանդի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես՝ դիտարկվել են ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների ավելացման, ՄԱԶԾ-ի աջակցությամբ Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՄԱԶԾ-ի և ՀՀ ՊԵԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում կքննարկվեն միջսահմանային մաքսային ընթացակարգերի, ինչպես նաև Հայաստանը Իրանի միջոցով՝ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, Չինաստանի և Հնդկաստանի շուկաների համար տարանցիկ և առևտրային միջանցք դարձնելու համար անհրաժեշտ գերակա միջոցառումների հետ կապված հարցեր: [b] ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր