211652_close_icon
views-count3677 դիտում article-date 21:20 10-04-2019

2019թ․ 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 11 դեպք. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին եռամսյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին եռամսյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 11 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 դեպք։ Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվա 1-ին եռամսյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, այսինքն՝ զինծառայողների մահացության պատճառները պայմանավորված են միայն զինված ուժերի ներքին խնդիրներով։ Նշենք, որ razm.info կայքը, հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված իր հարցման պատասխանին, 2019 թ. ապրիլի 9-ին հայտնել է ևս մեկ միջադեպի մասին, որը Կազմակերպությանը մինչ այդ հայտնի չի եղել։ Ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարի ևս մահվան պատճառների մեջ մեծ թիվ են կազմում առողջական խնդիրներն ու ավտովթարները։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հիմնվելով պաշտոնական աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության և/կամ նշված կառույցների ներկայացուցիչների կողմից տարածված տեղեկությունների վրա, արձանագրել է, որ 11 մահացության դեպքերից առնվազն 4-ը պաշտոնական որակմամբ համարվել են ծառայության հետ կապված, 5-ը՝ չկապված։ Բայց և պետք է նշել, որ «ծառայության հետ կապված լինելու եւ չլինելու» դասակարգումների վերաբերյալ պաշտոնական տարբեր աղբյուրներ չունեն միանշանակ եւ միատեսակ մոտեցում։ Այնուամենայնիվ ՀՔԱ վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 11 զինծառայողներից 4-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են, 5-ը՝ պայմանագրային, 1-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ Մահացության 11 դեպքերից 6-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 4-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։ Մահացության 11 դեպքերից 6-ի փաստով հարուցվել են քրեական գործեր, դրանք նախաքննության փուլում են։ Մահվան 11 դեպքերից 7-ի մասին է առկա պաշտոնական հաղորագրություն կամ գրառում պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջում կամ վերջիններիս կողմից տեղեկատվության հաստատում լրատվամիջոցների հետ զրույցում: Մյուս 4 դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվություն ի սկզբանե չի տարածվել։ [b] Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր