211652_close_icon
views-count1405 դիտում article-date 20:28 05-04-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից: Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված դարավոր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, քաղաքական արժեքների վրա: Արարատ Միրզոյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված զարգացումները, միջազգային հանրության կողմից ազատ, արդար եւ ժողովրդավարական գնահատված խորհրդարանական ընտրությունները, վերջինիս արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի առաջնահերթությունների օրակարգը: «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջին քայլն էին հեղափոխական այն գործընթացի, որը սկիզբ էր առել երկրում ժողովրդավարության ամրապնդման նպատակով»,-նշել է ԱԺ նախագահը: Նա կարեւորել է խորհրդարանական կառավարում ունեցող երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ գործակցությունը, փոխադարձ այցերը, փորձի փոխանակումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է այն կարեւորությունը, որ մեր երկիրը տալիս է եվրոպական տարածաշրջանի հետ ինտեգրմանը: Այս համատեքստում նա արժեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` հույս հայտնելով, որ այցից հետո իտալացի գործընկերներն իրենց խորհրդարանում նոր խթան կհաղորդեն այս գործընթացին: Հանդիպմանն իրենց տեսակետներն են հայտնել Իտալիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր