211652_close_icon
views-count1393 դիտում article-date 20:56 04-04-2019

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է փոխանցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` Պյոտր Տոլստոյին մեր երկիր այցելելու հրավերը, ինչպես նաեւ ներկայացրել Աբովյան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամասի եւ ռուսական թեքումով դպրոցի աշխատանքները: Պետդումայի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել եւ սիրով ընդունել Հայաստան այցի հրավերը: Մեր երկրում Պետական դումայի նախագահի տեղակալի սպասվող այցիշրջանակում նախատեսվում է հանդիպում-քննարկում` օրակարգում ունենալով հայ-ռուսական հարաբերություններին եւ միջխորհրդարանական դիվանագիտությանն առնչվող մի շարք կարեւոր հարցեր: Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնացրել է հարաբերությունների հետագա ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունն ու բազմավեկտոր նախաձեռնությունների իրագործումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում ջանք չի խնայելու երկկողմ հարաբերություններում արդյունավետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: Պյոտր Տոլստոյն իր հերթին կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով: Կողմերը կարեւորել են բարեկամ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր