Իվանիշվիլին կոչ է անում ավարտին հասցնել Գամսախուրդիայի մահվան հանգամանքների քննությունը
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անսպասելի այցով ժամանել է Արևմտյան Վրաստանում գտնվող Խիբուլա գյուղ, որտեղ, ըստ պաշտոնական վարկածի,1993 թվականին ինքնասպանություն էր գործել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Այցի ընթացքում Իվանիշվիլին խոստացել է ֆինանսավորել Գամսախուրդիայի թանգարանի ստեղծումը: «Վրացական երազանք»-ի առաջնոդը նաև այցելել է այն տուն, որտեղ կյանքի վերջին ժամերն է անցկացրել Զվիադ Գամսախուրդիան:
Խիբուլա այցի ֆորմալ առիթը Գամսախուրդիայի 80-ամյակն է, որ նրա կողմնակիցներն ու հարազատները նշելու են կիրակի օրը՝ մարտի 31-ին:
Իվանիշվիլին նաև կոչ է արել ավարտին հասցնել Գամսախուրդիայի մահվան հանգամանքների քննությունը:
Վրաստանի առաջին նախագահի աջակիցները կտրականապես հերքում են նրա ինքնասպանության վարկածը` պնդելով, որ Գամսախուրդիան դավադրության զոհ է դարձել: