130550 դիտում
13:57 29-03-2019
Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Դիլիջանում․ մարդիկ փակել են ճանապարհը․ խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը․ նրանք ասում են՝ պայքարում էինք արդարության համար, իսկ հիմա անարդարության զոհ ենք դառնում, ժամանել է Տավուշի մարզպետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։ Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը փակած բնակիչերը ասում էին․ «Մենք պահանջում ենք՝ արդարություն։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Ամիսներ շարունակ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, ու այդ ծանր հանցագործությունը նրա վրա թխել են Դիլիջանի ոստիկանները, քննիչներն ու Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչ տխրահռչակ Արման Կարապետյանը։
Էս գործը դեռ սկզբից էլ պարզ էր, որ այն ոտից գլուխ սարքել են։ Իրենց բացահայտման ցուցանիշներն ապահովելու նպատակով քրեական գործի հերն անիծել են։ Չգիտեմ որտեղից փակ վկաներ են բերել ու դրա հիման վրա փորձում են անմեղ տեղը մարդուն 9 տարի փակեն։ Առաջին փակ վկան դատարանում ասում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ճնշման տակ է թղթեր ստորագրել։ Իսկ 2-րդ փակ վկան էլ դատարանում չկարողացավ հստակ պատասխաններ տալ, ու նրա տված պատասխաններից պարզ դարձավ, որ հարուցված քրեական գործը բացահայտման տեսանկյունից փուչիկ է։ Իսկ էդ փուչիկը փչել են տխրահռչակ քննիչ Ա․ Կարապետյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, դատավորներ՝ Հ․ Ասատրյանը, Ս․ Ավետիսյանը, Ե․ Դանիելյանը, Ա․ Պողոսյանը և Ս․ Օհանյանը, ովքեր ցուցաբերել են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Վստահ ենք, որ եթե այդ մասին տեղեկանա մեր կողմից շատ սիրված ու ընդունելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կհանձնարարի օբյեկտիվ դատաքննություն անցկացնեն ու իրականությունը ջրի երես դուրս կգա»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի ոստիկանապետ Սևակ Բադիրյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Աբազյանը։
Տեղում ծառայություն են կատարում նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Oղիկյանի գլխավորւթյամբ։
Մարզպետ Հ․ Չոբանյանը խոստացավ, ինչին ակցիայի մասնակիցները հավատացին, որ իրավիճակի մասին ինքը տեղեկացնելու է համապատասխան մարմիններին, և հայտնեց վստահություն, որ ամեն ինչ կարվի արդարությունը վերականգնելու ուղղությամբ։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնելու է նաև փաստաբանի տեսակետը, ով փաստերով հիմնավորում է, որ Դ․ Հակոբյանը անհիմն է մեղադրվում, իսկ նրա վրա, չգիտես ում կարճ մտքով է անցել, դնել ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքներ։ Եթե նա այդ հոդվածներով մեղավոր լիներ, Տավուշի մարզի ընդահուր իրավասության դատարանը նրան չէր արդարացնի և դատարանի դահլիճից ազատ չէր արձակի։
[color=#EF2929]Տեղեկանք
Դավիթ Հակոբյանի գործի վերաբերյալ
1. Թիվ ՏԴ1/0009/01/17 քրեական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ՝ կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
2. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել գործով մեղադրող Ն.Չիլինգարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը։
3. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ նախագահությամբ դատավոր Կ.Մարդանյանի, 2018 թվականի օգոստոսի 28-ի դատական ակտով որոշել է՝
«Վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճիռը բեկանել և փոփոխել։
Դավիթ Հովհաննեսի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 9 (ինը) տարի ժամկետով։
Նշանակված պատժին հաշվակցել Դավիթ Հովհաննեսի Հակոբյանին նախնական կալանքի տակ պահելու ժամկետը՝ 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 19 (տասնինը) օրը և վերջնականապես թողնել կրելու ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 3 (երեք) ամիս 11 (տասնմեկ) օր։ (….)»:
4. Դավիթ Հակոբյանի մեղավորությունը հաստատված համարելու համար Վերաքննիչ քրեական դատարանի համար բավարար է եղել նախաքննության ընթացքում ձեռք բերված երկու «ապացույցները»՝ վկա Յուրի Սահակյանի` «Գոհար Առաքելի Ավետիսյան» կեղծանունով տված ցուցմունքը և մյուս պաշտպանվող անձի՝ «Վարդան Աշոտի Գրիգորյան» կեղծանունով վկայի ցուցմունքները:
Դեպքից անմիջապես հետո Յուրի Սահակյանը նախ հայտնել է, որ ինքը չի տեսել, թե ով է կրակել իրեն ուղղությամբ և ինչպես պարզվեց՝ մի քանի օր բաժնում ապօրինի պահելուց, իր խոսքերով խոշտանգումների ենթարկվելուց հետո նրա նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց, որից հետո նա հայտնել է, որ իբր թե տեսել է, որ կրակողը եղել է Դաբիթ Հակոբյանը:
Մասնավորապես, դատաքննության ընթացքում հարցաքննվելիս Յուրի Սահակյանը հայտնեց հետևյալը.
- Ես չեմ տեսել կամ իմացել, թե ով է կրակել: Ես չէի էլ կարող իմանամ, քանի որ հետևից էր կրակոցը:
3 օր ոստիկանությունում պահելուց հետո ինձ թողել են, նորից մեկ օր հետո տարել են իրիկունը պահել ե, նոր իմացել եմ, որ Սերգեյի մոտ զենք է եղել: Այդ օրը Սերգեյը զենքի տեղն ասեց և ինձ թողեցին ոստիկաններն ու ինձ ասեցին, որ ես կարամ գնամ Ռուսաստան:
Ես ոստիկանությանը չեմ հայտնել, որ իբր թե վեճ ա եղել: Ես ասում էի, որ չգիտեմ, ինձ ոստիկաններն ասեցին, որ տարած տղաներից են ասել, որ իբր թե դեպքից առաջ ինչ-որ վեճ ա եղել, ես դրանից տեղյակ չեմ եղել, բայց իմ ցուցմունքում էդպես գրել են: Ես մինչև վերջ ասում էի, որ չգիտեմ, քանի որ իրոք չգիտեմ վեճի մասին: Ինձ վեճի մասին ոստիկաններն են ասել: Սերգեյը ինձ չի ասել, ես չեմ լսել, որ նա ցանկանա ինչ-որ մեկի հետ հարցեր պարզելու համար մարդ պետք է տեսնի:
Ճանապարհին, մինչև կրակոցը ես մարդ չեմ տեսել, մեքենա նույնպես չեմ տեսել: Կրակոցի արձակման տեղում երբ անցել ենք մարդ չկար տեսնել, կրակոցի ընթացքում էլ, դրանից հետո էլ կրակողին չեմ տեսել: Ես քշում էի, այդ ընթացքում կրակոցը հետևից ա եղել ու ես չէի կարա քշելու ընթացքում տեսնեի: Սերգեյը նույնպես չի տեսել ու չի կարող ասել, թե ով ա կրակել: Մեր միջև խոսակցություն էլ չի եղել, թե ով է կրակել կամ ով կարող էր կրակած լիներ:
Ոստիկանությունում ինձ ահավոր ձևի ծեծում էին, որ իրենց ուզածով ցուցմունք տամ: Որը գիտեի, ես եմ ասել, իսկ որը չգիտեի, իրենք ասում էին գրել:
Դատարանին ուզում եմ ասել, որ իմ անունով գաղտնի վկա սարքեցին, չոքացրած դուբինկով ծեծում էի ոտքերիս տակին, գիշերով մորս, կնոջս, հորս բերում էին բաժին, որ գրեմ, բայց չէի գրում, սակայն ի վերջո ստիպված համաձայնվեցի, որ կնոջ՝ Գոհար Ավետիսյանի անունով գաղտնի վկա սարքեն: Կոմպյուտրով սարքեցին, բերեցին, ասեցին, որ ստորագրեմ: Նույնիսկ չեմ հիշում, թե ինչ է գրված: Այդ ցուցմունքը սարքել են 3-րդ օրը, երբ ես ծեծված, հալածված, ջարդված էի ու ստիպված եմ եղել սուտ բանի տակ ստորագրել:
Իմ առաջին ցուցմունքը, դատարանին կխնդրեմ, որ հիմք ընդունի: Կնոջ անունով ցուցմունքը գրել տալիս ոստիկաններն ասում էի, որ դա ոչ մի բան ա, դատարանում իմ առաջին ցուցմունքն են հիմք ընդունելու, երկրորդը չի երևալու:
Ոստիկանները չոքացնում էին, կոշիկներս հանում, ոտքերիս տակ խփում, տանջում ու ասում ըսենց պտի գրես, որ տեսել ես, բայց ես ոնց կարող էի տեսնեմ, քանի որ քշելուց հետ չէի կիրառում:
Ոստիկաններն ինձ ասում էին, որ ասեմ, որ ես տեսել եմ ու դա պետք է լինի Դավիթ Հակոբյանը:
Ես ճնշումների ազդեցության տակ եմ ասել վեճի մասին և ցուցմունքը, որում նշել եմ Դավիթ Հակոբյանի անունը, նույնպես ճնշումների ազդեցության տակ եմ ստորագրել: Ոչ միայն ծեծը, այլ նույնիսկ հաց, ջուր, սիգարետ չեն տվել: Նույնիսկ շունը չէր դիմանա դրան: Իրանք ասեցին, որ ըսենց պիտի լինի, ես ստիպված համաձայնվեցի:
Ոստիկանությունում Գոհար Ավետիսյանի անունով ցուցմունքը ես չեմ կարդացել, իրանք են տպել, կարդացել են ես լսել եմ և ստորագրել են տվել, բայց նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչ էր գրած: Միայն հիշում եմ, որ գրվեց, որ Հակոբյան Դավիթն է կրակել, ինչը արել եմ 3 օր ծեծվելու պատճառով, թե չէ իմաստ չկար առանց մարդուն տեսնելու, գրեի իրա անունը: Եթե նույնիսկ ասեին, որ էսինչ աղջիկն ա կրակել, ես ստիպված էլի կստորագրեի:
Երեք օր բաժնում գտնվելու ընթացքում ինձ ծեծել են ձեռքով, ոտքով, դուբինկով: Խփել են մարմնիս տարբեր մասերևին, բացի դեմքիս: Թողնելուց հետո չէի կարողանում քայլել: Ես անունով չգիտեմ, բայց որ տեսնեմ, կարող ա ճանաչեմ:
Ես Դավիթ Հակոբյանի դեմ ցուցմունք չեմ տվել, իրանք գրել են, ինձ ստորագրել են տվել: Հիմա գիտակցում եմ և իմացա, որ դատ կա, եկել եմ ասեմ, որ այդ ցուցմունքը սուտ է: Ինչպես ես, այնպես էլ ծնողներս չեն դիմել իմ նկատմամբ բռնությունների և ապօրինի ազատությունից զրկելու համար, քանի ողջ, առողջ հասել եմ տուն:
Պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ դիմումն էլ գրել եմ իրանց թելադրածով, չնայած ես ասում էի, որ վախելու բան չունեմ և հիմք չկար այդ միջոցը կիրառելու: Ես ոչ մեկին չեմ խնդրել, որ ինձ պաշտպանեն:
Մյուս գաղտնի վկայի՝ «Վարդան Գրիգոյանի» դեպքն ավելի լուրջ է:
Այդ վկան, որպես իր ցուցմունքի աղբյուր մատնացույց էր անում տուժողին, իսկ տուժողը ոչ միայն հերքում է այն, որ ինքը տեսել է կրակողին, այլ նաև կատեգորիկ հերքում էր, որ իր մոտ հիվանդանոց այլ անձ է այցելել :
Դատաքննության ժամանակ այդ վկան տվեց նախաքննության ընթացքում տրված ցուցմունքից տարբերվող ցուցմունքներ: Պարզվեց, որ նա նախաքննության ընթացքում գրել էր, որ աշխատում է, մինչդեռ դատարանում ասեց, որ չի աշխատում, գրել էր, որ ճանաչում է Յուրի Սահակյանին, մինչդեռ դատարանում ասեց, որ չի ճանաչում, գրել էր, որ մոտիկից է ծանոթ տուժողի հետ, մինչդեռ դատարանում հայտնեց, որ ծանոթ չէ և այլն :
Բացի այդ, հիշյալ վկայի ցուցմունքի անարժանավատ լինելը հաստատվեց, որ նա չկարողացավ ասել, թե հիվանդանոցի որ մասնաշենքում, որ հարկում, որ պալատում է պառկած եղել տուժողը, ովքեր են նրա մոտ եղել, պալատի տեսքը, այնտեղ գտնվող գույքը, տուժողի մահճակալի դիրքը ու բազմաթիվ այլ մանրուքներ, որոնք չէր կարող չհիշել, սակայն չկարողացավ պատասխանել դրանց վերաբերյալ տրված հարցերին: Նրա ցուցմունքն ըստ էության ընդհանուր բնույթի տեղեկություններ էին պարունակում, որոնք արդեն իսկ շրջանառության մեջ էին դրել պաշտոնական մարմինները, այսինքն հաստատվեց այն, որ ակնհայտ սուտ է:
5. Ի դեպ իրենց նկատմամբ բռնությունների և Դավթի Հակոբյանի նկատմամբ կեղծ ցուցմունքներ տալուն կորզելու փորձի մասին ահազանգել են նաև տուժող Սերգեյ Միքայելյանը և գործով հարցաքննված մի շարք վկաներ:
6. Վերաքննիչ դատարանի 2018 թվականի օգոստոսի 28-ի ակնհայտ ապօրինի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանը՝ խնդրելով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռին:
7. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահությամբ Լ.Թադևոսյանի, մասնակցությամբ դատավորներ Հ.Ասատրյանի, Ս. Ավետիսյանի, Ե.Դանիելյանի, Ա.Պողոսյանի և Ս.Օհանյանի, 2019 թվականի մարտի 1-ի որոշմամբ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ամբաստանյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:
8. ՀՀ սահմանադրական դատարանն 2009 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ ՍԴՈ-849 որոշման մեջ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրությանը համապատասխանությանը հարցը լուծելիս, իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ՝
Արդարացման դատավճիռը բեկանելու և մեղադրական դատավճիռ կայացնելու, առաջադրված մեղադրանքի սահմաններում ավելի ծանր հանցագործության համար դատապարտելու կամ առաջին ատյանի դատարանի նշանակած պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու, ինչպես նաև հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով փոխելու, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու` գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունների պայմաններում օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասում նախատեսված պայմանի տառացի մեկնաբանությունը փաստորեն վճռաբեկ բողոք բերելու իրավունքից կարող է զրկել դատավարության բոլոր մասնակիցներին (դատապարտյալ, պաշտպան, մեղադրող, տուժող և այլն):
Վիճարկվող հոդվածի 2-րդ մասի նման կիրառումն ուղղակի հակասության մեջ կմտնի ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 3-րդ մասի հետ, ըստ որի` «Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք»:
Բացի դրանից, նման մեկնաբանումը չի նպաստի արդարադատության լիարժեք իրականացմանը, դատական սխալները շտկելու և միասնական դատական պրակտիկա ձևավորելու գործին: Վերաքննիչ դատարանի ըստ էության նոր դատավճռի բողոքարկումը վճռաբեկ դատարան պետք է մատչելի լինի դատավարության մասնակիցների համար: Նորմի առկա ձևակերպումը ենթադրում է, որ դատավարության մասնակիցը չի կարող առանց վերաքննիչ բողոքի շրջանակներում առաջին ատյանի դատարանի ակտը բողոքարկելու այն բողոքարկել վճռաբեկ դատարան:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 3-րդ մասի պահանջը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի վիճելի նորմի մեկնաբանությունը և կիրառումը պետք է ապահովի վճռաբեկ բողոքի պարտադիր ընդունումն ու քննությունը բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի շրջանակներում վերաքննիչ դատարանը շահագրգիռ կողմի բողոքի քննության արդյունքներով կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից տարբերվող` ըստ էության նոր, դատական ակտ: Նման մոտեցումը ոչ միայն կնպաստի դատական տվյալ ատյանի կողմից առավել ամբողջական նախադեպի ձևավորմանը, այլև էապես կբարձրացնի արդարադատության արդյունավետությունը:
Ակնհայտ է, որ Դավիթ Հակոբյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը բեկանելով՝ Վերաքննիչ դատարանն ըստ էության կայացրել է դատավճիռ, որի բողոքարկումը պետք է մատչելի լիներ ամբաստանյալի համար:
Մինչդեռ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ամբաստանյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելով, Դավիթ Հակոբյանին զրկել է իր նկատմամբ կայացված ըստ էության նոր դատավճիռը՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքից, ինչը դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում է:
9. Նշեմ, որ դիմել եմ՝ ՀՀ Արդարադատության նախարար Ա.Զեյնալյանին և ՀՀ դատավորների ընդհանուր միության կարգապահական հանձնաժողովին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լ.Թադևոսյանի, դատավորներ Հ.Ասատրյանի, Ս. Ավետիսյանի, Ե.Դանիելյանի, Ա.Պողոսյանի, Ս.Օհանյանի նկատմամբ և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնեն ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ:
10. Եթե ԲԴԽ-ն ընդունի որոշում, որով հաստատված համարի տվյալ դատավորների կողմից դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու փաստը, դա հիմք է նոր հանգամանքի հետևանքով դատական ակտը վերանայելու վարույթ հարուցելու համար, որի ընթացքում հույս կա, որ կուղղվի Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը և ապօրինի դատապարտված Դավիթ Հակոբյանը կարդարացվի:[/color]
[color=#EF2929]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները, ընդառաջելով Տավուշի մարզպետ Հ․ Չոբանյանին, Դիլիջանի քաղաքապետ Ա․ Սանթրոսյանին, բացեցին ճանապարհը, խոստանալով, որ մի քանի օր համբերատար կսպասեն, մինչ կտեսնեն՝ իրավասու մարմինները ինչ քայլեր են ձեռնարկում արդարությունը վերականգնելու համար։ Նրանք ասում էին, որ իրավասու մարմինները իրենց գործողություններով պետք է ապացուցեն, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+