211652_close_icon
views-count3251 դիտում article-date 12:56 28-03-2019

Առողջապահության նախարարությունը խիստ դատապարտում է համաճարակային իրավիճակի ապակայունացման փորձերը

Առողջապահության նախարարությունը կոչով դիմել է քաղաքացիներին. Հարգելի ծնողներ, քաղաքացիներ, բժշկական հանրության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում դիտվում է նաև դիֆթերիայի հետվերադարձ բռնկումների տեսքով՝ ուղեկցվելով մահվան դեպքերով: Առողջապահության նախարարությունը խիստ դատապարտում է երկրի համաճարակային իրավիճակի ապակայունացմանն ուղղված յուրաքանչյուր փորձ: Շրջանառվող ապատեղեկատվությունը և ասեկոսեները կարող են նպաստել բնակչության շրջանում վախի և անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը, որը հղի է լուրջ հետևանքներով և կարող է վտանգել տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով յուրաքանչյուր երեխայի և անձի առողջությանը: Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ Առողջապահության նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում այս իրավիճակի վերաբերյալ և կոչ է անում`դադարեցնել պատվաստումների վերաբերյալ, այդ թվում` մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա:

Նմանատիպ նյութեր