211652_close_icon
views-count1782 դիտում article-date 19:53 27-03-2019

Արցախի պետնախարար Մարտիրոսյանը մասնակցել է «Տաշիր» հիմնադրամի կողմից Արցախի երեխաներին պարգևավճարների հանձնման միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ մարտի 27-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով «Տաշիր» ընկերությունը Արցախի 201 ընտանիքներում 2018թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառումը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքից հետո պետական նախարարը իր ելութում երախտագիտություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին և «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանին արդեն երրորդ տարին Արցախում այդ կարևոր ու կենսական նշանակության ծրագիրն իրագործելու համար, որից օգտվել են մոտ 650 ընտանիքներ: ««Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության արժեքը իրականում մի քանի անգամ ավելին է, քան դրա համար նախատեսված գումարը, քանի որ այն նպաստում է երիտասարդ ընտանիքների կայացմանը, բազմազավակության խթանմանը, որը ամուր պետականության հիմքն է: Հիմնադրամի մասնակցությամբ առողջապահության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում իրականացված ու իրականացվող տասնյակ միլիոն դոլարների հասնող բարեգործական ծրագրեր կան Արցախում: Բավական է նշել միայն Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի կառուցումն ու կահավորումը»,- նշել է պետնախարարը՝ շնորհակալություն հայտնելով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին արդյունավետ համագործակցության համար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն իր խոսքում նշել է, որ Հիմնադրամի կողմից բազմաթիվ բարեգործական ծրագրերից առանձնահատուկ վերաբերմունք ունի բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրի նկատմամբ, քանի որ այն յուրօրինակ խորհուրդ ունի: «Ամեն տարի անհամբերությամբ սպասում եմ այս օրվան: Շնորհակալություն ձեզ, սիրելի ծնողներ, որ ամրացնում եք մեր հայրենիքի արմատը»,- նշել է Նարեկ Կարապետյանը: Օրվա խորհրդին նվիրված՝ ելույթ է ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով:

Նմանատիպ նյութեր