211652_close_icon
views-count2155 դիտում article-date 14:05 20-03-2019

Հրադադարի խախտումները չեն նպաստում վստահության ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից ականանետի կիրառման մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի 13-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը: Հավելեց, որ ԱԳՆ-ն հույս ունի, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեում հանդիպման ժամանակ: Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել: Դուշանբեում 2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: «Մենք պայմանավորվեցինք պաշտպանության նախարարներին հանձնարարել, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը նվազեցնելու համար, այսինքն՝ սահմանային միջադեպերը կանխելուն ուղված քայլեր»,-հայտարարել էր Փաշինյանը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել:

Նմանատիպ նյութեր