211652_close_icon
views-count2834 դիտում article-date 21:59 08-03-2019

Ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնություն. Վազգեն Թևանյանը դուրս եկավ եզրափակիչ

Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 8-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/03/08/vazgen-tevanyan/960645]Armsport.am[/url]-ը: Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության մատնեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1: Մարտի 9-ին կայանալիք եզրափակիչում Թևանյանը կգոտեմարտի վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ ևս 2 ներկայացուցիչ: Վաղինակ Մաթևոյանը (57 կգ) մեկնարկեց քառորդ եզրափակիչից և 1:3 հաշվով պարտվեց վրացի Ռոբերտի Դինգաշվիլիին, իսկ Գևորգ Մխեյանը (70 կգ) որակավորման փուլում հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվեց մոլդովացի Վասիլի Դյակոնին՝ 3:10: Մաթևոյանին ու Մխեյանին հաղթած ըմբիշներին չհաջողվեց հասնել եզրափակիչ, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես կգան նաև Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի (9:0), թուրք Աբդուլահ Տոպրակի (10:1) ու ուկրաինացի Ալեքսանդր Հրյուշինի (13:4) նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել եզրափակիչ: Ոսկե մեդալը Սլավիկ Գալստյանը վիճարկել էր վրացի Լևանի Կավյարադաձեի հետ և լարված պայքարում պարտվել 8:10 հաշվով: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում: Հրանտ Կալաչյանին ու Դավիթ Օվասապյանին հաղթած ըմբիշները նվաճել էին եզրափակիչի ուղեգիր, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն էին կրել սփոփիչ գոտեմարտերում:

Նմանատիպ նյութեր