211652_close_icon
views-count85921 դիտում article-date 13:00 06-03-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. գյուղացիներն ասում էին. «Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ ենք փակել, հիմա էլ թող ինքը մեզ թև ու թիկունք լինի, հակառակ դեպքում կրկին կփակենք ճանապարհը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գրիբոյեդով գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը և պահանջում են հանդիպում՝ Արմավիրի մարզպետի հետ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այս տարի մեզ մոտ լրանում է գյուղի հիմնադրման 100–ամյակը ու 30 տարուց ավելի է, գյուղի ճանապարհները, ասես, պատերազմի դաշտ հիշեցնեն։ Մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել մեզ համար։ Եղել են դեպքեր, երբ գյուղում մարդ է վատացել, և շտապօգնությունը կես ժամից ավելի ուշացել է։ Իսկ երբ փորձել ենք պարզաբանում ստանալ շտապօգնության բժիշկներից, նրանք մատնացույց են արել մարդաբոյ փոսերը՝ ասելով. «Ամեն մի փոսը 2 րոպե անցել ենք»։ Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը սատար կանգի մեր գյուղի բնակիչներին, իսկ մենք շատ բան չենք ուզում. թող 100-ամյակին նվեր անեն գյուղին՝ ճանապարհն ասֆալտապատեն, տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, մանավանդ փոքրիկ կամուրջների մոտ։ Եղել են դեպքեր, որ փոսերը փախցնելու արդյունքում վթարներ են տեղի ունեցել»։ Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանը, ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը, ովքեր գյուղացիներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն։ Գյուղացիներն էլ, ի պատասխան Ս. Խմելյանի, ասում էին. «Մենք ոչ վարչապետից բողոքելու տեղ ունենք, ոչ կառավարությունից, ոչ էլ ոստիկանությունից։ Մենք մեր խաղաղ ակցիան ենք անում ու պահանջում ենք, որպեսզի Արմավիրի մարզպետը գա այստեղ ու հստակ պատասխան տա, թե, ի վերջո, ե՞րբ է գյուղն ունենալու կանոնավոր ասֆալտապատ ճանապարհ։ Վստահ ենք, որ մարզպետը, որ մի հատ խաշ ուտի ու հետ գա ու փոսերով անցնի, սրտառնոց է ապրելու։ Բա 30 տարի է՝ էս փոսերը հաշվելով գնում-գալիս ենք։ Մի՞թե չեն ուզում սատար կանգնել մեզ։ Ողջ գյուղը սատարել է հեղափոխությանը, նրա լիդերին՝ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա խնդրում ենք՝ թող ինքն էլ մեզ թև ու թիկունք լինի։ Իսկ մեր ուզածը շատ բան չի՝ ասֆալատապատ ճանապարհ, ինչի հնարավորությունը, վստահ ենք, ունեն։ Եթե մեր խնդիրը չլուծվի, ոչ մի խնդիր չունենք՝ ճանապարհը փակելու ենք, ինչպես որ փակեցինք Ն. Փաշինյանի համար հեղափոության օրերին»։ Այս պահին սպասում են, որպեսզի մարզպետարանի պատասխանատուները ժամանեն։ Բողոքի ակցիան շարունակվում է, գյուղացիները, ընդառաջելով ոստիկանությանը, ճանապարհը ժամանակավորապես բացել են։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր