1959 դիտում
18:00 04-03-2019
Մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Բելգիայի Թագավորություն. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լյուվեն քաղաքի կրթական և գիտահետազոտական հաստատությունների գործունեությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը:
Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը:
Ողջունելով ՀՀ վարչապետին` ռեկտորը նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել: Լյուկ Սելսը ներկայացրել է Կաթոլիկ համալսարանի գործունեությունը. նա նշել է, որ այն ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, որն իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածություն ունեցող ծրագրեր: Համալսարանի բոլոր ծրագրերը հիմնված են բուհի գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմի նորարարական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` Կաթոլիկ համալսարանն ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով: Կրթությունը համալսարանում կազմակերպվում է 15 ֆակուլտետի, իսկ գիտահետազոտական աշխատանքը՝ առանձին բաժինների և հետազոտական խմբերի միջոցով: Ֆակուլտետները և բաժինները միավորված են 3 խմբում՝ հումանիտար և սոցիալական գիտություններ, բնագիտություն, ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ և կենսաբժշկական գիտություն, ընդ որում՝ խմբերից յուրաքանչյուրն ունի դոկտորական դպրոց համապատասխան որակավորման ծրագրերով: Վարչապետին ներկայացվել է նաև Լյուվենի հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ծրագրերը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել աշխարհի հնագույն և միաժամանակ ժամանակակից համալսարաններից մեկում, որը 1425 թվականից ի վեր՝ գրեթե 6 դար շարունակ, խթանել է եվրոպական գիտության զարգացումը և համարվում է աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական մեծ բարեփոխումների փուլում, և կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես տնտեսական հեղափոխությունը հաջողելու կարևորագույն գործիքներից մեկը: «ՀՀ կառավարության կրթական քաղաքականության նպատակն է կրթության և հետազոտության գործուն կապի ապահովումը: Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում և այս համատեքստում կարևորում ենք փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումն աշխարհի առաջատար և նորարարական կրթական ու գիտահետազոտական հաստատությունների հետ», - նշել է ՀՀ վարչապետը` գոհունակություն հայտնելով Կաթոլիկ համալսարանի կողմից համագործակցության պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Լյուվենի Կաթոլիկ համալսարանից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է «IMEC» (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն` վերջինիս գործունեությանը ծանոթանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը ՀՀ վարչապետին է ներկայացրել «IMEC»-ի ծրագրերը` նշելով, որ կենտրոնը մասնագիտացած է միկրո-, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների, նոր սերունդի սարքավորումների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ: Նա նշել է, որ «IMEC»-ն ունի շուրջ 4000 աշխատակից և գործունեություն է ծավալում նաև Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել է կենտրոնի կիսահաղորդիչների մաքրման լաբորատորիայում:
ՀՀ վարչապետի այցի հաջորդ կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոն»-ն էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և «IMEC» գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է: Նիկոլ Փաշինյանը կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցադրությունների սրահում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, նպատակներին: Ի. Ֆրանսուայի խոսքով` «Առողջության կենտրոն»-ն իր տեսակի մեջ եզակի փորձարարական հաստատություն է, որի այցելուները կարող են տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ առողջապահության ապագային: Ցուցադրությունների միջոցով ՀՀ վարչապետին ներկայացվել է, թե ապագայում տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, եռաչափ մոդելավորումը, կրիչները և նանոտեխնոլոգիաները, ինչպիսի ազդեցություն են ունենալու առողջապահության վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել Երևան` մասնակցելու Կոնգրեսին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
10772 դիտում
20:17 10-07-2018
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
Այս բաժնից
661 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
640 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
523 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել