211652_close_icon
views-count1966 դիտում article-date 22:15 03-03-2019

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը՝ քանդված արժեքավոր շենքերի մասին

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ ծանոթներ ու անծանոթներ, ուղղակի կամ անուղղակի կերպով կրթության ու գիտության նախարարության քանդման վերաբերյալ դիրքորոշում են ակնկալում կամ մեղադրում լռելու համար։ Իհարկե ամենահեշտ վիճակում չենք այսօր իշխանության հետ առնչություն ունեցող նախկին հանրային դաշտում, այսօր պետական տարբեր օղակներում ժառանգության համար կռիվ տվողներս։ Բայց փորձեմ կարճ ներկայացնել այս շենքի խնդիրը։ Խնդրում եմ սկզբում ֆիքսենք, որ ես նման համաձայնություն չէի տա ու եթե որևէ ձևաչափում կարծիք հայտնելու հնարավորություն ունենայի դեմ կարտահայտվեի այդ որոշմանը։ Ինչևէ ունենք իրողություն որի էությունը փորձեմ ներկայացնել։ Երևանում 2004 թվականի հուշարձանների ցանկի հաստատումից հետո քանդված արժեքավոր շենքերը կարող ենք դասակարգել մի քանի խմբերի. ա) հուշարձանի կարգավիճակ ունեցող բայց առանց թույլտվություն քանդված շենքեր (օրինակ՝ Սևան հյուրանոցի շարունակություն հանդիսացող նախկին արդարադատության նախարարության շենքը որը քանդվել է 2013-ին), բ) հուշարձանի կարգավիճակ ունեցող բայց պետական համակարգի որևէ մակարդակի կողմից թույլատրությամբ քանդված շենքեր (օրինակ՝ Ծածկած շուկա, քանդվել է 2012-2013 թվականներին), գ) հուշարձանի կարգավիճակ չունեցող բայց նման կարգավիճակի հավակնող ԱՄԲՈՂՋԱԿԱՆ պահպանված շենքեր (օրինակ՝ Ռաֆայել Իսրայելյանի տունը, քանդվել է 2011-ին) դ) հուշարձանի կարգավիճակ չունեցող բայց նման կարգավիճակի հավակնող ՄԱՍՆԱԿԻ պահպանված շենքեր (օրինակ՝ կրթության ու գիտության նախարարության նախկին շենքը)։ Այս դասակարգումից երևում է, որ այս շենքի քանդմանը դեմ արգումենտները շատ թույլ են, չնայած նորից եմ ասում, որ ես դեմ կլինեի դրա քանդմանը։ Ուստի պայմանականորեն "ա" խմբի համար եթե 100 միավոր էներգիա պետք է ներդնել, "բ" խմբի համար 90, "գ" խմբի համար 50, ապա "դ"-ի համար միգուցե 20 պայմանական միավոր։ Ի դեպ հուլիս ամսին, երբ ես դեռ չէի նշանակվել, մենք մշակույթի նախարարությանը ներկայացրեցինք շենքերի ցանկ, որոնք մեր կարծիքով պետք է ունենային հուշարձանի կարգավիճակ։ Մենք դիտարկել ենք նաև այս շենքն այդ ցանկում ներառելը, բայց գտել ենք ոչ նպատակահարմար։ Քանի որ մենք գտնում ենք, որ հուշարձան շենքի պահպանության դիտարկումը միայն ճակատով վտանգավոր ու անընդունելի է և միայն պահպանված ճակատի (որը ֆիքսենք բարձրարժեք լինելով հանդերձ գրեթե տիպային նախագիծ է) ներառումը հուշարձանների ցանկում կարող է ապագայում, ինչպես անցյալում, նոր քանդումների ու միայն ճակատով հուշարձանը պահպանելու նոր օրինակների համար հղման դեպք լինել։ Այս ամենը հաշվի առնելով ես "սահմանափակ" միավոր ջանք եմ ներդրել այս շենքի ճակատի պահպանության համար և կարծում եմ, որ այս դեպքը բավարար հիմք չի տալիս եզրակացնելու, որ նոր իրավիճակում շարունակվում են նախորդ շրջանի պես քանդել երևանյան արժեքավոր շենքեր։ Երրորդ, ու նաև վերջին անգամվա համար, մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ես նման համաձայնություն չէի տա, քանի որ նույն ճակատի "եվրոռեմոնտ" արված տարբերակը վերստեղծելուն դեմ եմ նաև այսօր, ինչպես եղել եմ նախկինում, որի վերաբերյալ բազմաթիվ անգամ արտահայտվել եմ։ Իհարկե այս դեպքը պետք է բոլորիս դաս լինի, որ նման բազմաթիվ շենքեր դեռ վտանգված են, և մենք որպես հանրություն ու պետություն պետք է ամեն ինչ անենք որ 1, 2 կամ 5 հոգուց կախված չլինեն նման որոշումներն ու մենք այս ամենի մասին պոստֆակտում չտեղեկանանք»։

Նմանատիպ նյութեր