Նաիրա Զոհրաբյան. Ես ներողություն եմ խնդրում Արցախի իմ հայրենակիցներից.
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է միշտ և պետք էր դա ընդամենը նկատել:
Այսօր էլ ինձ մեծ ցավ պատճառեց Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին:
Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին: Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ: Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել:
Ու երևի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ, որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ ԼԵԳԵՆԴԸ չդառնա դատարկ տարածություն: Ցավում եմ շատ և ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից», նշել է պատգամավորը: