211652_close_icon
views-count1959 դիտում article-date 11:20 28-02-2019

ՊՈԱԿ-ները օպտիմալացնելու հարցում պետք է գործեն որոշակի սկզբունքներ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս քաղաքապետարանում մասնակցում էի մշակութային կառույցների մենեջերների հետ հանդիպմանը: Հանդիպումը կազմակերպել էր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ նպատակ ունենալով զարգացնելու լրատվամիջոցների և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թատրոնների և թանգարանների փոխշահավետ համագործակցությունը: Չգիտեմ, թե որքանով կարողացա օգտակար լինել մշակութային մենեջերներին, բայց սկզբունքը ճիշտ էր ընտրված. այս տեսակի հարաբերություններում պետք է աշխատի համագործակցության, ոչ թե առճակատման մոդելը: Նույն հայեցակարգը, կարծում եմ, կիրառելի է մշակութային ՊՈԱԿ-ների բարեփոխման և օպտիմալացման գործընթացում: Անիմաստ է որևէ բան ձեռնարկել առանց այդ գործընթացի շահառուների կարծիքը հարցնելու: Հակառակ դեպքում կստացվի չոր, չինովնիկական մոտեցում, որը անխուսափելիորեն արդարացի դժգոհությունների պատճառ կդառնա: ՊՈԱԿ-ները օպտիմալացնելու գաղափարը, ընդհանուր առմամբ, ճիշտ է: Սակայն, ինձ թվում է, այստեղ պետք է գործեն որոշակի սկզբունքներ. 1. Օպտիմալացումը պետք է նպաստի տվյալ մշակութային օջախների զարգացմանը, ոչ թե դրանցից ձերբազատվելու պետության ցանկության կատարմանը: Թատրոնի, երաժշտական կոլեկտիվի կամ թանգարանի կոմերցիոն հաջողությունները կամ անհաջողությունները չպիտի լինեն օպտիմալացման միակ չափանիշը: 2.Մշակութային գործիչների հետ շփման ժամանակ չինովնիկները պետք է դրսևորեն համբերություն և տակտ: Չի կարելի վերևից կայացնել մարդկանց տաղանդի կամ վաստակի «դատավճիռը»: Ենթադրենք, ոչ բոլոր դերասաններն են Հրաչյա Ներսիսյան կամ Լոուրենս Օլիվյե, բայց կան արվեստի համեստ մշակներ, որոնք կարևոր դեր են խաղացել և խաղում մեր հոգևոր կյանքում: 3.Որևէ որոշում ընդունելուց առաջ պետք է բավականաչափ տեղեկատվություն հավաքել տվյալ ոլորտի և կոնկրետ մշակութային օջախի պատմության վերաբերյալ: Օրինակ, եթե պաշտոնյան չգիտի, թե ինչ է թատերական ժանրը կամ ինչպես է ստեղծվել այս կամ այն թատրոնը, ովքեր են այնտեղ աշխատել, ապա նա նմանվում է խորհրդային կատակերգությունների հայտնի հերոսներին՝ Բիվալովին և Օգուրցովին: Առաջինը, ինչպես հայտնի է, անձամբ ծանոթ էր «ընկեր Շուլբերտի» հետ, իսկ երկրորդն առաջարկում էր ստեղծել «մեծ զանգվածային քառյակ»: 4. Մշակութային օջախների անվան մեջ որևէ բառի կամ ձևակերպման կրկնությունը դեռևս հիմք չէ նրանց միավորման համար: Օրինակ, «ազգային», «երաժշտական», «Կոմիտաս», «թանգարան» բառերի հետևում կարող են կանգնած լինել շատ տարբեր երևույթներ: ․․․Քանի որ Արա Աբրահամյանը և ես կրում ենք միևնույն ազգանունը և գրեթե նույն անունը, առաջարկում եմ մեզ օպտիմալացնել և միավորել մեր եկամուտները: Ենթադրում եմ, սակայն, որ ռուսաստանցի գործարարը դրան դեմ կլինի: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր