211652_close_icon
views-count1214 դիտում article-date 12:56 18-02-2019

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Փետրվարի 15-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը, ինչպես նաև ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին փետրվարի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժությունն ամենամյա պլանով նախատեսված ժամանակահատվածում իրականացնելու համար: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին: Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 263 զանգ, որից 23-ը՝ արտակարգ դեպք-պատահար: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայությունում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 23080 զանգ, սպասարկվել է 557 ահազանգ, որից 87-ը՝ արտակարգ բնույթի: Երևան քաղաքի փրկարարական վարչությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 28 հրդեհի դեպք և 18 ճանապարհատրանսպորտային պատահար: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը զեկուցեց, որ Շիրակի մարզում նոր հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման համար արդեն կատարվել են հողահատկացումներ, և ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության 2019-2021 թթ. ծրագրի շրջանակներում շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը կարևորեց փրկարար ծառայության համագործակցությունը գործադիր իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել առաջադրված խնդիրները: Արտակ Նահապետյանը շնորհավորեց մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետերին, որոնք ռոտացիոն կարգով նշանակվել են այլ մարզային վարչություններից ու փրկարար ծառայության կենտրոնական ապարատից, ինչպես նաև խոսեց փրկարար ծառայությունում մեկնարկած կառուցվածքային փոփոխությունների մասին: Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները և տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, գույքի և տեխնիկայի սպասարկման ու օգտագործման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև աշխատանքային կարգապահությանը և այլ հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր