211652_close_icon
views-count1340 դիտում article-date 16:42 16-02-2019

2018թ. ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց. գլխավոր դատախազի խորհրդական

Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաև պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում հատկապես խախտումներով արձանագրված վնասների վերականգնման ուղղությամբ աշխատանքի արդյունքները: Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=336412483660269&id=100018745601811]գրել է[/url] ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց: Այսինքն՝ բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 66-ով կամ 56.9 տոկոսով: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր: Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից: Քրեական գործերը հարուցվել են՝ • 2-ը՝ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածով (խարդախություն) • 35-ը՝ 179-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) • 1-ը՝ 200-րդ հոդվածով (առևտրային կաշառքը) • 3-ը՝ 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) • 3-ը՝ 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) • 31ը՝ 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով (կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը) • 17-ը՝ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը) • 81-ը՝ 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը): 2018թ. ընթացքում ավարտվել է 109 քրեական գործի նախաքննություն, որից 43 քրեական գործ 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել 36 քրեական գործ (մոտ 20 տոկոսով պակաս)՝ 72 անձի վերաբերյալ (16.6 տոկոսով պակաս): Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ձևավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև այդպիսի հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունն ապահովելու հանգամանքներով: Վերջինիս մասին են վկայում ոչ միայն բոլոր դեպքերը քրեադատավարական կարգով ստուգման, քննության առարկա դարձնելու հարցում դրսևորված հետևողականությունը, այլ նաև ավելի մեծ թվով անձանց վերաբերյալ ավելի շատ թվով գործեր դատարաններ ուղարկելու հանգամանքը: Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են ավելի քան 422 մլն դրամի նյութական վնասի պատճառման փաստեր այն դեպքում, երբ 2017թ. հիմնավորվել էր մոտ 57.5 մլն դրամի հասցված վնասը: Մինչդատական վարույթում վերականգնվել է մոտ 411 մլն դրամի վնաս՝ 2017թ. մոտ 52 մլն դրամի վնասի համեմատությամբ: Նշանակալի արդյունքներ են արձանագրվել նաև պետական շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազների կողմից իրականացված ուսումնասիրություններով: Մասնավորապես 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը մոտ 15 տոկոսով ավելի է 2017թ. արդյունքից: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2018թ. ընթացքում ընդհանուր վերականգնվել է ավելի քան 680 մլն ՀՀ դրամ վնաս, որը 130 տոկոսով ավելի է 2017թ. ընթացքում՝ (294.5 մլն դրամ) վերականգնվածից: Ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերվով ստանձնված պարտավորությունների կատարման, թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունները։ Այս գործընթացները շարունակական են լինելու նաև 2019 թվականի ընթացքում»,-գրել է Գոռ Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր