211652_close_icon
views-count3671 դիտում article-date 23:11 13-02-2019

300 հազար դոլար. Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ-ում հանձնել է Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը

Փետրվարի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: ««Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը» տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզում ստացված կարևորագույն գիտական արդյունքների համար ամեն երկու տարին մեկ անգամ: Մրցանակը նպատակ ունի հավերժացնելու Վիկտոր Համբարձումյանի հիշատակը, աշխարհին ներկայացնելու Հայաստանի գիտությունը և նպաստելու աստղաֆիզիկայի զարգացմանը Հայաստանում: Մինչև 2018թ. ապրիլ ամիսը ստացվել են 14 տարբեր առաջարկ-ներկայացում գիտությունների ակադեմիաների և այլ խոշոր գիտական կենտրոնների կողմից: Միջազգային հանձնաժողովը որոշել է մրցանակը հանձնել հետևյալ գիտնականների խմբին. պրոֆեսոր Էդվարդ ՎԱՆ ԴԵՆ ՀՈՅՎԵԼ (Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր ՏՈՒՏՈՒԿՈՎ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ), պրոֆեսոր Լև ՅՈՒՆԳԵԼՍՈՆ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ) գիտական խմբին։ Խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի կողմից «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար»»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Հաղթողներին շնորհավորեց և մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու, ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ: Որպես երկրի ղեկավար, պիտի փորձեմ բոլոր ջանքերս ներդնել գիտության և գիտության մշակների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար: Որպես օրինակ կարելի է նշել, որ մրցանակի նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով այս տարվանից ՀՀ կառավարության որոշմամբ մրցանակի բոլոր ծախսերը ներառվել են ՀՀ պետական բյուջեի մեջ»,- իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը։ «Մեծ պատիվ է այստեղ ստանալ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանն այս հիանալի մրցանակը ստանալու պատվին մեզ արժանացնելու համար»,- իր ելույթում ասաց պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելը: «Հուսով եմ, որ այս միջազգային մրցանակը, որը տրված է մեր թիմին, կծառայի Հայաստանի և Ռուսաստանի աստղագետների և ողջ աշխարհի գիտական հանրույթի հաջող գիտական համագործակցությանը»,- իր ելույթում ասաց պրոֆեսոր Լև Յունգելսոնը: Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը կազմում է 300,000 ԱՄՆ դոլար: Մրցանակից 100,000 ԱՄՆ դոլարի չափով միջոցները հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվելու են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար: Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն է: Հանձնաժողովի անդամներն են աշխարհի հանրահայտ գիտնականներ` Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Բրայան Շմիդտը (Ավստրալիա), պրոֆեսոր Երվանդ Թերզյանը և պրոֆեսոր Վահե Պետրոսյանը (ԱՄՆ), Միջազգային աստղագիտական միության նախագահ պրոֆեսոր Նորիո Կայֆուն (Ճապոնիա), պրոֆեսոր Ջոզեֆ Սիլքը (Միացյալ Թագավորություն), Միջազգային աստղագիտական միության նախագահ պրոֆեսոր Կատրին Ցեսարսկին (Ֆրանսիա), պրոֆեսոր Միշել Մայորը (Շվեյցարիա) և պրոֆեսոր Անատոլի Չերեպաշչուկը (Ռուսաստան): [b]Մրցանակի նախորդ դափնեկիրներն են`[/b] 2010 – Միշել ՄԱՅՈՐ (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) և Նունու ՍԱՆՏՈՒՇ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա)՝ մոլորակային համակարգերի և դրանց մայրական աստղերի միջև կապի ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրման համար։ 2012 – Յան ԷՅՆԱՍՏՈ (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա)՝ «Թաքնված զանգվածի և տիեզերական սարդոստայնի բացահայտման մեջ հիմնարար ներդրման համար», և Իգոր ՆՈՎԻԿՈՎ (Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)՝ «Տիեզերքի՝ որպես ջերմ տիեզերք առաջանալու դիտողական հաստատման առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակի առաջարկման համար»։ 2014 – Ֆելիքս ԱՀԱՐՈՆՅԱՆ (Իռլանդիա և Գերմանիա)՝ «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում նշանակալի ներդրման և չերենկովյան դիտակների ստերեոդիտական համակարգի մշակման գործում առաջատար դերի համար, և համատեղ՝ Իգոր ԿԱՐԱՉԵՆՑԵՎ (Ռուսաստան) և Բրենթ ԹԱԼԻ (ԱՄՆ)՝ Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար։ 2016 – մրցանակը չի շնորհվել։

Նմանատիպ նյութեր