211652_close_icon
views-count1263 դիտում article-date 16:43 08-02-2019

Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին

Փետրվարի 7-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր տնօրեն Լի Յոնգին: Արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Պապիկյանի զրույցը UNIDO-ի Գլխավոր տնօրենի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդարձակման հեռանկարներին: Շնորհավորելով և ամենայն հաջողություններ մաղթելով Հայաստանի նորանշանակ Մշտական ներկայացուցչին՝ Լի Յոնգը վստահություն հայտնեց, որ դեսպան Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կգրանցի: UNIDO-ի Գլխավոր տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության առաջնորդող դերը Կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում՝ նշելով, որ իր ղեկավարած կազմակերպությունը, պատրաստ լինելով աջակցել, ուսումնասիրում է համագործակցության ոլորտների բազմազանեցման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր