211652_close_icon
views-count2035 դիտում article-date 22:24 04-02-2019

Վիլնյուսի «Սբ. Հովհաննես» եկեղեցում տեղի է ունեցել «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին

Փետրվարի 1-ին Վիլնյուսի «Սբ. Հովհաննես» եկեղեցում տեղի ունեցավ «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին, որը նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության և GK կլինիկայի աջակցությամբ: Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց «Գյուրջիև» համույթի անցած ստեղծագործական ուղին և համաշխարհային երաժշտարվեստում ունեցած ձեռքբերումները: Անդրադառնալով միջոցառման խորհրդին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ համերգը նվիրված է հայոց ազգային երաժշտագիտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում: Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Կոմիտասին նվիրված միջոցառումներ դեսպանությունը կազմակերպելու է ամբողջ տարվա ընթացքում, և այս համերգներով տրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը, GK կլինիկային և մյուս գործընկեներին համերգի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը: Համույթի վիլնյուսյան համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Գեորգի Գյուրջիևի և այլոց ստեղծագործություններ, և ներկա ավելի քան 600 հանդիսականների կողմից արժանացան ջերմ ընդունելության ու բարձր գնահատանքի: Ընդհանուր առմամբ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Գյուրջիև» համույթը բալթյան երեք երկրներում հանդես կգա 7 համերգային ծրագրերով:

Նմանատիպ նյութեր