211652_close_icon
views-count1821 դիտում article-date 17:54 23-01-2019

Տրանսպորտի նախարարն ընդունել է ԱՊՀ ՀՄՄ գրասենյակի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՊՀ տարածաշրջանում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գրասենյակի ղեկավար Կիրիլ Օպարինին, ով Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կիրիլ Օպարինն անդրադարձել է ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին` ընդգծելով հայկական հյուրընկալության առանձնահատկություններն ու միջոցառման կազմակերպման և անցկացման բարձր չափանիշները։ ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է միության գործունեությունը, մանրամասնել իրենց առաջիկա միջոցառումների թեմաներն ու աշխատանքների ժամանակացույցը, նշել, որ ուրախ կլինեն, եթե դրանց մասնակցեն նաև հայ մասնագետները։ Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով առաջարկի համար, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերով և նախարարության, ինչպես նաև կազմակերպությունների մակարդակով կարող են մասնակցություն ունենալ դրանցում։ Նա նաև անդրադարձել է համագործակցության շրջանակներին՝ նշելով, որ նախարարության և ՀՄՄ-ի միջև սերտ համագործակցություն կա ձևավորված, ինչը կշարունակվի նաև առաջիկայում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ կադրեր պատրաստելու անհրաժեշտությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այդ ուղղությամբ և ներկայում տեխնիկական բուհերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ ոլորտը անհրաժեշտ կադրերով համալրելու համար։ Կիրիլ Օպարինը նշել է, որ տեղյակ է հատկապես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող բարեփոխումների մասին և ցանկություն ունեն այդ ուսումնական հաստատության բազայի վրա ծրագրեր իրականացնել։ ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է նաև 2020թ. միության կողմից նախատեսվող էլեկտրակապի ֆորումի որոշ մանրամասներ, հետաքրքրվել, թե ի՞նչ թեմաներ կարող են առաջնահերթ լինել հայ գործընկերների համար՝ ֆորումի ծրագրում ընդգրկելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական շրջանակներում քննարկումներից հետո ներկայացնել առաջարկություններ։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր