211652_close_icon
views-count5273 դիտում article-date 20:54 20-06-2017

ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 20-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկուն: Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել է «Մայքրոսոֆթ» ընկերության նախագծերից մեկի` «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» աշխատանքը Հայաստանում և հույս հայտնել, որ ընկերությունն առաջիկայում ևս կընդլայնի իր գործունեությունը մեր երկրում, օրինակ՝ ստեղծելով լաբորատորիաներ, որոնք կզբաղվեն գիտահետազոտական աշխատանքներով: Ռոնալդ Բինկոֆսկին հայտնել է, որ հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման աջակցությամբ և ուրախ կլինեն այս ոլորտում կիսել իրենց գիտելիքներն ու փորձը: Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՏՏ համայնքի սկսնակ ներկայացուցիչների աջակցման նախաձեռնություններին, առավել ևս, որ նախարարությունը շարունակաբար աշխատում է ստարտափերի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցչի խոսքով` Հայաստանում սկսնակները խորհրդատվության կարիք ունեն հատկապես արտասահմանյան ընկերությունների հետ գործարար շփումներ հաստատելու առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրանսպորտի և երթևեկության կառավարման նորարարական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր, այդ ուղղությամբ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները: Ռոնալդ Բինկոֆսկին նշել է, որ այս ոլորտում կարող են առաջարկել պատրաստի լուծումներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են այլ երկրներում: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում կիբերանվտանգությանը վերաբերող ծրագրերում «Մայքրոսոֆթ»-ի ներգրավվածությունը, Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման գործում ընկերության հնարավոր մասնակցությունը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր