211652_close_icon
views-count15493 դիտում article-date 23:52 03-01-2019

Ո՞ր դեպքում հայ սպառողների համար բնական գազի սակագինը կմնա նույնը. NEWS.am

Հայաստանյան սպառողների համար բնական գազի սակագինը կմնա նույնը միայն այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագնի նոր հաշվարկի արդյունքում նվազեցնի ընկերության ծախսերը և հրաժարվի իր նորմավորված շահույթի մի մասից: Նման կարծիք [color=#EF2929]NEWS.am-[/color]ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով սահմանին գազի գնի թանկացման պայմաններում սպառողների համար առկա սակագինը պահպանելու հնարավորությանը: Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2019-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 150 ԱՄՆ դոլարի փոխարեն: «Դեռևս 2018թ. հոկտեմբերից մասնագիտական շրջանակներում ակտիվ քննարկումներ էին ծավալվում հայ-ռուսական գազի համաձայնագրի ավարտի և նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին: Այս ամիսներին, սակայն անհասկանալիորեն անհոգ էր գազի գնի շուրջ բանակցող մարմինը՝ Էներգետիկայի նախարարությունը: Անգամ նախարարը հայտարարեց, որ խնդիր չէ, որ դեկտեմբերի 31-ին ավարտվելու է համաձայնագիրը՝ աչք փակելով այն փաստի վրա, որ բնական գազի գնի համաձայնության բացակայության դեպքում ռուսական կողմը, գազի մատակարարման համաձայնագրի շրջանակում, իրավունք ունի կապույտ վառելիքը հայկական կողմին վաճառել իր կողմից նախանշված գնով»,- ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ նոր պայմանագրի չկնքման արդյունքում հայկական կողմը հնարավոր է պարտք կուտակի. «Նման սցենար արձանագրվեց 2011-2013թթ. ընթացքում, երբ ձևավորվեց շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարին հասնող պարտքը, որի մի մասը մարելու համար ՀՀ կառավարությունը հրաժարվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոս բաժնեմասից: Արդյոք արդարացի և իրավաչա՞փ էր 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը. դա նոր իշխանությունների և մասնագիտների օրակարգային հարց կարող է դառնալ»,-ասաց նա: Տնտեսագետը հիշեցրեց, որ իշխող քաղաքական ուժի հիմնական խոստումներից էր բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը, ինչը, սակայն այդպես էլ կյանքի չկոչվեց: «Ռուսական կողմը հենց սկզբից հասկացնել տվեց, որ պատրաստ չէ նվազեցնել բնական գազի գինը: Նախ չճշտված տեղեկատվության արտահոսք եղավ, որ ՌԴ փոխվարչապետը նամակ է ուղարկել ՀՀ փոխվարչապետին, ըստ որի՝ ռուսական կողմը առաջարկում է բնական գազի 1000 խմ-ի համար 215 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հերքվեց հայկական կողմից: Այնուհետև, տեղի ունեցավ ռուս-բելառուսական բանակցությունները, ինչը արդյունքում Բելառուսիայի համար պահպանվեց նախկին գինը՝ 1000 խմ.-ի համար 129 ԱՄՆ դոլար: Բելառուսական կողմը հրապարակավ հայտնեց իր դժգոհությունը՝ մատնանշելով ԵԱՏՄ շրջանակում միասնական էներգետիկ շուկայի և էներգակիրների մրցունակ գների կարևորության մասին: Այս մթնոլորտում և բացթողնված բանակցային ժամկետների պայմաններում հայկական կողմին մնում էր արագ որևէ գնի շուրջ համաձայնության գալ, ինչը արվեց օրեր առաջ: Վարչապետը հավաստիացրեց, որ բնական գազի սակագները կպահպանվեն ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ծախսերի օպտիմալացման և արդյունավետության աճի: Սակայն անհրաժեշտ է գնահատել, արդյոք բնական գազի գործող սակագինն ունի այդ փոխհատուցման հնարավորությունները»: Նշենք, որ բնական գազի գործող սակագինն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից: «Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության օրոք նվազեցվեց բնական գազի սակագինը՝ ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նորմավորված շահույթի, որը կազմում է իր սեփական ակտիվների 10 տոկոսը՝ մոտ 12 մլրդ ՀՀ դրամ: Բացի այդ, սպառողական նոր խմբեր առանձնացվեցին, որոնք բնական գազի են ստանում արտոնյալ, ցածր գներով»,-ասաց նա: Սուրեն Պարսյանն, անդրադառնալով սահմանին գազի գնի բարձրացման պայմաններում սպառողների համար կապույտ վառելիքի սակագնի պահպանմանը, նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հաստատված մեթոդաբանության համաձայն, նախ պետք է իրականացնի սակագնի նոր հաշվարկ՝ մատնանշելով ծախսերի իջեցման հնարավորությունը, այնուհետև՝ դարձյալ պատրաստակամություն հայտնի հրաժարվել իր նորմավորված շահույթի մի մասից: Ըստ նրա՝ միայն այս դեպքում հնարավոր կլինի պահպանել բնական գազի գործող սակագինը: Տնտեսագետը նկատեց, որ Հայաստանի գազամատակարարման համակարգի վրա ինչպես նախկինում, այսօր էլ մեծ ազդեցություն ունի քաղաքական գործոնը: «Դա արտահայտվել է իշխանության մոտ գտնվող անձանց մտերիմներին աշխատանքի տեղավորելով, մեկ գիշերվա ընթացքում 7000 աշխատակիցների ՀՀԿ անդամության դիմում ներկայացնելով և այլն»,-ասաց նա: Նրա գնահատմամբ, սակայն գազի գնի վերանայման հարցում տնտեսական գործոնն առավել գերակա է. «Նույնսիկ եթե Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հաջողվի գտնել բարձրացած 15 ԱՄՆ դոլարի փոխահատուցման ռեզերվը, բոլոր դեպքերում չի կարող պարտադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին հրաժարվել իր նորմավորված շահույթից: Չեմ բացառում, որ «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության «արդյունավետությունը» բարձրացնելու նպատակով ընկերությունում ենթադրյալ չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերը նոր թափ ստանան կամ նոր ստուգումներ իրականացվեն, մասնավորապես ընկերության գնումների ոլորտում, իրական աշխատողների թվի հստակեցում արվի և այլն»: Ըստ նրա՝ քաղաքական և տնտեսական առկա գործոնները կպարտադրեն, այնուամենայնիվ վերանայել բնական գազի սակագինը: Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 31-ին ավարտվեց հայկական և ռուսական կողմերի միջև կնքված բնական գազի համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանի սահմանի վրա բնական գազի ներկրման գինը 1000խմ-ի համար կազմում էր 150 ԱՄՆ դոլար: Համաձայն «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի, որով որոշվում է 2019 թվականին Հայաստանին մատակարարվող գազի գինը, ռուսական գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարի 1-ից 1000 խորանարդ մետրի դիմաց կազմում է 165 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր