211652_close_icon
views-count954 դիտում article-date 15:27 27-11-2020

Ըստ ՀԾԿՀ-ի, 2021-ին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ

2021 թվականին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ, տեղեկացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2021 թվականի սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմել է 178,247 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը գործող սակագների գումարային մեծության նկատմամբ պակաս է 1,753 դրամ/խմ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Հաշվի առնելով, որ 2022 թվականին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ և նպատակ ունենալով մեղմելու այդ աճը՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվել է 2020 թվականի համար գործող մանրածախ ծառայությունների սակագների (գումարային 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) և 2021 թվականի համար հաշվարկված սակագների տարբերությունը (ընկերության լիցենզիայի համաձայն ճշգրտումից հետո՝ 1.761 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) տեղափոխել և նվազեցնել 2022 թվականին սահմանվող սակագներից», - ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում: Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր