211652_close_icon
views-count3025 դիտում article-date 21:02 22-12-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի: Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց երկու կրթական հաստատությունների միջև առկա համագործակցության և դրա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: Ողջունելով երկու երկրների մանկավարժական համալսարանների միջև ձևավորված սերտ կապերը և դրանց խորացմանն ուղղված քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման գործակցությունը երիտասարդ սերունդների կրթության և դաստիարակության գործում: Իր օրհնությունն ու գնահատանքը բերելով համալսարանների ղեկավարներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ հաստատությունների միջև վերակնքված համագործակցության պայմանագիրը նոր հնարավորություններ կընձեռի համալսարանականներին և կնպաստի երկու համալսարանների կապերի առավել արդյունավորմանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նաև փաստեց, որ Մայր Աթոռի կրթական կառույցների և Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների միջև հաստատված է սերտ գործակցություն, ինչը առիթ է տալիս կրթության ու գիտության ապագա մշակներին ծանոթանալու ազգային-եկեղեցական և հոգևոր արժեքներին: Իր հերթին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովը ևս կարևոր համարեց երկու համալսարանների միջև համագործակցության պայմանագրի վերակնքումը և հարաբերությունների հետագա զարգացումը: Զրույցի ընթացքում պրն. Լուբկովը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նաև ռուս ժողովրդի կյանքում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ունեցած դերակատարությունն ու ներկայիս գործունեությունը, ինչպես նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ուսումնական հաստատությունների հետ փոխգործակցությունը: Հանդիպմանն երկուստեք կարևորվեց երիտասարդ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը, որով ներկայիս մարտահրավերների պայմաններում հնարավոր է անաղարտ պահպանել ազգային-հոգևոր ավանդույթներն ու բարոյական արժեքները: Անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական կապերին և սերտ համագործակցությանը տարբեր ոլորտներում:

Նմանատիպ նյութեր