211652_close_icon
views-count1994 դիտում article-date 12:40 18-12-2018

Բնապահպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին

Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեի, Ֆրանսիայի, Արաբական միացյալ էմիրությունների, Հունաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և այլ պետությունների բնապահպանության նախարարների, Կլիմայի կոնվենցիայի քարտուղարության, միջազգային ֆինանսական, բնապահպանական, կլիմայական և դոնոր կառույցների ներկայացուցիչների հետ։ Դեկտեմբերի 11-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Հայաստանի պատվիրակությունն անց է կացրել մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել են Հայաստանի բնապահպանության, մասնավորապես կլիմայական գործընթացների շրջանակներում կատարվող քայլերը։ Համաժողովի բարձրաստիճան հատվածի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումները Հայաստանի կառավարության քաղաքականության առաջնահերթություններից է, դրանք ներառված են բնապահապանական և ազգային զարգացման ծրագրերում։ Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ կլիմայական գործընթացներում մեր երկիրը տարածաշրջանում առաջատար դիրքերում է: «Մենք վճռական ենք առաջիկա երեք տասնամյակների ընթացքում կրկնապատկել մեր երկրի ներկայիս անտառապատ տարածքները՝ կիրառելով գործընկերության և ֆինանսական գործիքները»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր