211652_close_icon
views-count68520 դիտում article-date 12:59 16-12-2018

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատարի եղբոր տղային. Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ առևանգողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 23:30-ի սահմաններում Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են՝ բռնություն գործադրելով իր կամքին հակառակ, այնուհետև տեղափոխել Քանաքաեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ, որտեղ էլ մի քանի հոգով ծեծի են ենթարկել Հ. Խմելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ծեծի ժամանակ նրանցից մեկը, ում անունը Գոռ է, ատրճանակով, իսկ մյուսը, ում անունը Կարեն է՝ դանակով, սպանության սպառնալիքներ են տվել Հ. Խմելյանի հասցեին: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ առևանգողներն են եղել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչներ, 39-ամյա Սարգիս Մկրտչյանը, 35-ամյա Գոռ Հովհաննիսյանը, 38-ամյա Կարեն Ջումայանը և Հասրաթյան փողոցի բնակիչի, 28-ամյա Արմեն Մկրտչյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձի առևանգման հատկանիշներով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Հարուցված քրեական գործը Արաբկիրի ոստիկանության բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Անձի առևանգման կասկածանքով Արաբկիրի ոստիկանների կողմից հայտնաբերված Ս. Մկրտչյանը, Գ. Հովհաննիսյանը, Ա. Մկրտչյանն ու Կ. Ջումայանը տեղափոխվել են Արաբկիրի քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առևանգված Հ. Խմելյանը ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, ով մեկ այլ քրեական գործի շրջանակում անցնում է որպես վկա և այդ գործը կապված է Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, 19-ամյա քաղաքացուն հրազենային վնասվածքներ պատճառելու հետ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/06/1109398/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ժամանել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանոթյան փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի և բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ն. Տիգրանյան փողոցի 21 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սուրեն Թադևոսյանը՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները մի քանի ժամ պայքարել էին նրա կյանքի համար, ով գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին «Մակարով» տիպի ատրճանակից արձակված 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր։ Հայտնաբերվել էր նաև Nissan մակնիշի 34 ՏN 738 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կար կրակոցի հետք, ասֆալտի մի քանի հատվածներում էլ հայտնաբերվել էին արնանման հետքեր։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեին մոտավոր մասնակիցների ցանկը։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով, պատկանում է հիվանդանոց տեղափոխվածին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր