211652_close_icon
views-count26144 դիտում article-date 21:18 11-12-2018

Մանվել Գրիգորյանի համար առաջարկվել է 20 մլն դրամ գրավ. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը այն կհրապարակի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին: Նախաքննական մարմինը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի նիստին 20 միլիոն դրամ գրավի միջնորդություն են ներկայացրել: «Սա իրատեսական չափ է, և հնարավոր է այլ խողովակներով այդ գումարը գտնել ու մուծել»,- ասաց Մկրտչյանը։ Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում վճարել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը նշեց, որ Գրիգորյանն ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալ այդ գումարը։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Նմանատիպ նյութեր