Ամերիկյան փորձագետները՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան փորձագիտական շրջանակներն անդրադառնում են Հայաստանում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4691361.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նախկին դեսպան Ջոն Հերբսթը դրական է գնահատում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները և ընդգծում Նիկոլ Փաշինյանի դերն այս հարցում:
Իր հերթին Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոսկին ընդգծում է, որ ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը կասկած չի հարուցում, սակայն կարևոր է իշխանության նկատմամբ վերահսկողության հաստատումը:
Նա հույս է հայտնում, որ այլ քաղաքական ուժերին կհաջողվի սահմանել կարևոր այդ վերահսկողությունը քաղաքական մեծամասնության նկատմամբ:
Անդրադառնալով նախկինում իշխանություն հանդիսացող Հանրապետական կուսակցության ճակատագրին, որը ցանկանում է դառնալ Փաշինյանին հիմնական ընդդիմադիր ուժ, Սթրոնսկին գտնում է, որ այն շարունակում է որոշակի դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում:
«Կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը, չնայած հեռացվեց իշխանությունից Հայաստանում, սակայն զարմանալիորեն պահպանեց միասնությունը և որոշակի ազդեցությունը, ուստի չեմ կարծում, որ այն ամբողջապես կարող է հեռացվել քաղաքական դաշտից»,- կարծում է Փոլ Սթրոնսկին:
Փորձագետը ընդգծում է այս ընտրությունների առանձնահատկությունը է կապված քաղաքական սերունդափոխության հետ, որն ըստ վերլուծաբանի նոր հնարավորություններ է ստեղծում երկրում:
«Ինձ համար չափազանց ոգևորիչ է երիտասարդ գործիչների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավումը քաղաքական կյանքում»,- ասում է Սթրոնսկին:
Վերլուծաբանները կարևորում են արդար ընտրությունների անցկացնելու փաստը, որը կնպաստի երկրում ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը: