Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը
Հայաստան-Վրաստան սահմանի անցակետում տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը:
Ներկա էին Հայաստանի և Վրաստանի կողմից պատվիրատուի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների դեպարտամենտի աշխատակիցները, կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության, ինչպես նաև՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով շինհրապարակի կազմակերպման հարցին, քննարկվել և համաձայնեցվել է նախագծային մոտեցումների կոնցեպտը:
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծային աշխատանքների նախատեսվող տևողությունը յոթ ամիս է: Շինարարական աշխատանքները կսկսվեն նախագծման աշխատանքների և համապատասխան հաստատումների ստացումից հետո և կտևեն մեկ տարի:
[b]
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]