211652_close_icon
views-count3464 դիտում article-date 09:30 07-12-2018

Այսօր լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը

30 տարի առաջ Սպիտակի ահեղ երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարած հանձնաժողովը։ Այն հոգատարությամբ ու մեծ եռանդով վիթխարի աշխատանք կատարեց ազգաբնակչությանը օգնություն ցույցաբերելու, աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Հայ ժողովուրն օգնությունն ընդունեց մեծ երախտագիտությամբ, ինչի վկայությունն է 2008 թվականի դեկտեմբերի 6-ին Նիկոլայ Ռիժկովին ՀՀ Ազգային հերոսի կոչում շնորհելը: Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։ 1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց Երևանի մատույցներում։ Այդ վայրում կա նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթող: Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։ Հայաստանում Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները վերացնելու նվիրական գործում ավանդ են ունեցել նաև ռոքի լեգենդ, բրիտանական «Դիփ Փարփլ» խմբի մեներգիչ Յան Գիլանը եւ նրա երաժիշտ գործընկերները, ովքեր մասնակցել են «Ռոքն օգնում է Հայաստանին» ակցիային: 1989 թվականին բրիտանացի ռոք աստղերը ձայնագրեցին «Smoke on the Water» երգը` թողարկելով Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին:

Նմանատիպ նյութեր