95971 դիտում
11:25 04-12-2018
Արտակարգ դեպք Մասիսում. Արարատի մարզպետի վարորդը մարզպետի ներկայությամբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում վիճաբանել ու հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի 39-ամյա համակիրին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտակ Դավթյանը սպառնալիքներ, իսկ հետո հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը, ով անգամ չի փորձել կանխել Ա. Դավթյանի, որը իր վարորդն է, գործողությունները։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դավթյանը ներկայացել է Ոստիկանության Մասիսի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Գ. Բաբայանից կատարվածի մասին ընդունվել է հաղորդում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: