Զուրաբիշվիլին վստահ չէ, որ կվերադարձնի Սահակաշվիլիի քաղաքացիությունը
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիության հարցին,
Ինչպես հայտնում է GeorgiaOnline-ը, լրագրողի հարցին, թե նա քաղաքացիություն կտա՞, արդյոք, Վրաստանի նախկին նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Կասկածում եմ, քանի որ նրա դեմ քրեական գործ է հարուցված»:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սահակաշվիլիի քաղաքացիության կապակցությամբ առաջին պլանում արդարադատության հարցն է:
«Երեկվա նրա հայտարարությունները, որորոնցով նա ոստիկանությանը և զորքերին կոչ է արել հստակ կողմնորոշվել, խնդրահարույց են: Նա կորցրել է այս երկրի հետ կապը: Այսօր նա օտարերկրացի է, որը հանդես է գալիս երկրում ապակայունացման կոչերով: Այս երկրին իրոք հարկավոր չէ ապակայունացում: Երեկ ընտրողները քվեարկեցին կայունության ու Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Դա այն է, հանուն որի ես գտնվում եմ այստեղ,-ասել է Վրաստանի նախագահը։