Անգլիայի առաջնություն. «Արսենալը» դժվարին հաղթանակ տարավ և մոտեցավ առաջատարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում մեծ դժվարությամբ հաղթեց «Բորնմութին»:
Տանտերերն այս մրցաշրջանում բավական բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում և նրանից միավորներ պոկելը բարդ է: Այդպիսի խնդրի բախվեցին նաև լոնդոնցիները:
Առաջին խաղակեսում «Բորնմութը» մեծ առավելություն ուներ, պարբերաբար սուր գրոհներ էր ձեռնարկում, սակայն 30-րդ րոպեին դաշտի տերերի կիսապաշտպան Լերման անսպասելիորեն գեղեցիկ հարվածով ինքնագոլի հեղինակ դարձավ:
Խաղակեսի վերջում «Բորնմութի» հակագրոհը պսակվեց հաջողությամբ՝ աչքի ընկավ Քինգը:
2-րդ խաղակեսում պատկերը փոխվեց. «Արսենալը» սկսեց ավելի վստահ գործել և սպառնալ մրցակցի դարպասներին: 67-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց «Արսենալի» երկրորդ, և ինչպես պարզվեց՝ հաղթական գնդակը:
Մինչև խաղավարտը թիմերը գոլ խփելու հնարավորություններ ունեցան, սակայն հաշիվն անփոփոխ մնաց՝ 1:2, հօգուտ «Արսենալի»
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 27 միավոր և ընթանում է 5-րդ տեղում: Առաջատարը՝ «Մանչեսթեր Սիթին», ունի 35 միավոր: