211652_close_icon
views-count2194 դիտում article-date 09:51 15-11-2018

Նրանք մեր ձայնը լսելի են դարձնում ԱՄՆ-ի Կոնգրեսում ու այլուր․ ԱՀՀ-ն ամփոփեց տարին․ «Ամերիկայի ձայն»

Օրերս Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի տարեկան ամփոփիչ միջոցառումը: «Դրական արդյունքներով ենք ամփոփում տարին: Պատրաստ ենք հաջորդ տարի նոր ջանքեր գործադրել հաջողությունները կրկնապատկելու համար: Անցնող տարվա ձեռքբերումներից էր մեր ձեռնարկած քարոզչական համաժողովը, որի շրջանակներում անցկացվեցին բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում, արդյունքում այս տարի, ավելի մեծ թվով կոնգրեսականներ միացան Հայոց ցեղասպանության բանաձևի աջակցմանը»,- նշեց համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Հրավիրված բանախոսների շարքում էր ԱՄՆ-ի մի քանի նախկին վարչակազմերի աշխատակից Արամ Բախշյանը, ով խոսեց հայկական սփյուռքի մարտահրավերների և հայապահպանության խնդիրների մասին: Հայկական սփյուռքը տարանջատելով երեք հիմնական սերունդների՝ Բախշյանն ընդգծեց սփյուռքահայ կառույցների կարևորությունը հայապահպանության հարցում: «Կարծում եմ այստեղ ներկաներիս հիմնական առաքելությունը պետք է կայանա հաջորդ սերունդներին արժեքների փոխանցման մեջ: Կարևոր է փոխանցել ոչ միայն գոյության պահպանման պայքարի մասին հիշողություններ, այլև հաջողություն պատմություններ»,- ասում է Բախշյանը: Երկար տարիների Ամերիկայի հայկական համագումարի անդամ և աջակից Գոհար Անտոնյանն էլ հիշում է, որ իր հայկական ծագման մասին մշտապես լսել է իր ծնողներից: Նա երկար տարիներ կամավոր գործունեություն է ծավալել ի նպաստ համագումարի։ Միջոցառման ընթացքում Անտոնյանն ու այլ կամավոր աջակիցներ ստացան պարգևատրումներ: «Մինչև կյանքիս վերջ կաջակցեմ Ամերիկայի հայկական համագումարին: Նրանք մեր ձայնը լսելի են դարձնում ԱՄՆ-ի Կոնգրեսում ու այլուր»,- ասում է Անտոնյանը:

Նմանատիպ նյութեր