211652_close_icon
views-count2063 դիտում article-date 14:59 05-11-2018

«Լուսավոր Հայաստան»-ի և ՔՊ-ի ու «Հանրապետության» համագործակցության հնարավորությունները սպառված չեն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկար քննարկումների արդյունքում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե ինչու է «Լուսավոր Հայաստան»-ը որոշում կայացրել առանձին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլ ոչ թե «Լույս» դաշինքով, Մարուքյանը պատասխանեց. «Մենք երկար քննարկումներ ունեցանք մասնակցության ձևաչափի վերաբերյալ և ընտրություններին առանձին մասնակցելու որոշում կայացրեցինք: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր համատեղ անցած ճանապարհի համար: Մենք միասին հիմնադրել են «Ելք» կուսակցությունների դաշինքը, որ բացառիկ նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի կյանքում»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով` հին ընտրական օրենսգրքի ուժի մեջ մնալու հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է որոշումներ կայացնելու վրա, և իրենք հանգել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը դա է: «Մյուս կողմից՝ կարծում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն, և ապագայում նման հնարավորություն լինելու դեպքում, ի շահ ՀՀ քաղաքացիների, նոր համագործակցությունը հնարավոր է»,- ասաց Մարուքյանը: Նա նշեց նաև, որ նախընտրական ցուցակում ընդգրկված կլինեն տարբեր քաղաքացիական խմբերից և կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն հանրապետության 13 ընտրական տարածքներում:

Նմանատիպ նյութեր