211652_close_icon
views-count4389 դիտում article-date 18:40 31-10-2018

Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնությունից առաջ վնասվածքներ ունեին․ Լևոն Ջուլֆալակյան

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 21-28-ն անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հաղորդում է [url=https://sport.news.am/arm/]sport.news.am[/url]-ը։ «Աշխարհի առաջնությունից վերադարձանք երկու բրոնզե մեդալով: Մեդալային պայքարում էր նաև Արթուր Ալեքսանյանը, բայց վնասվածքի պատճառով բաց թողեցինք: Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանն առաջնությունից առաջ արդեն վնասվածքներ ունեին: Հնարավորինս հանգստացրեցինք, բայց մրցագորգում երկուսի վնասվածքներն էլ զգալ տվեցին: Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում նաև կողոսկրի վնասվածք ստացավ, բայց կարողացավ մինչև վերջ տանել պայքարը այդ օրը: Մեկ օր անց վնասվածքն ավելի գլուխ բարձրացրեց: Նախավարժանքին հասկացանք, որ ավելի է բարդանում նրա վիճակը: Գոտեմարտից առաջ Արթուրին զննեց UWW-ի բժշկական կազմը և նրան ազատեց մասնակցությունից: Մենք էլ հասկացանք, որ չենք կարող ռիսկի գնալ: Արթուր Ալեքսանյանը դեռ մի քանի օր կհանգստանա: Հոգեբանական ճնշում էր սա նրա համար: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Կհետազոտվի, ինչի անհրաժեշտություն կա, ամեն ինչ կարվի, որ նա լիարժեք առողջանա և վերադառնա հավաքական: Ինձ և բոլորիս այս առաջնությունում շատ ուրախացրեց Արթուր Շահինյանը: Միշտ մեդալ եմ սպասել նրանից: Նա պատահական ըմբիշ չէ, բայց միշտ ինչ-որ բան չէր բավականացնում նրան: Նա իր համար նվաճեց շատ կարևոր մեդալ: Սա նրա տարիների վաստակածն էր: Ադրբեջանցի ըմբիշը շատ ազդվեց, որ հային պարտվեց: Չեմ կարող ասել՝ ինչու այդպես դրսևորեց իրեն: Մենք դուրս ենք գալիս գորգ՝ սպորտում հաղթելու և սպորտային խնդիրը լուծելու և, բնավ կարևոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է մրցակիցը՝ ադրբեջանցի, ռուս, թե՝ այլ երկիր: Իսկ շատ երկրներ, երևի, դուրս են գալիս գորգ այլ խնդիրներ լուծելու: 55 կգ քաշային կարգում գորգ դուրս եկավ երիտասարդ Նորայր Հախոյանը: Նա լավ մասնակցեց: Թերություններ կային, բայց հաշվի առնելով նրա աշխատանքը, գոտեմարտերը, գոհ եմ նրա մասնակցությունից: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանից ևս դժգոհ չեմ: Նրա քաշային կարգը կփոխենք, քանի որ բարձրահասակ է և չի հարմարվում իր քաշային կարգում: Կփոխենք նաև Մաքսիմ Մանուկյանի քաշային կարգը, քանի որ այն օլիմպիական չէ: 82-ից կփոխվի 87 և, կարծում եմ, նրա համար այս փոփոխությունը խնդրային չի լինի: Երկու բրոնզե մեդալի արդյունքն ինձ գոհացնում է: Մրցումները շատ լարված էին, բայց մեր թիմն, իրոք, լավ մարզավիճակում էր: Թիմային հաշվարկում մինչև Արթուրի գոտեմարտը 4-րդ տեղում էինք: Բրոնզը բաց թողնելուց հետո պայքարն ավարտեցինք 6-րդ տեղով: Ինչ-խոսք, կարող էինք ավելին անել, բայց սա սպորտ է և ամեն ինչ կարող է լինել: Մեր աշխատանքը շարունակական է, երբեք տեղում չենք դոփել: 20 տարի գլխավորում եմ հավաքականը: Տարեցտարի մեր արդյունքները բարելավվել են: Եթե կա աշխատանք, կա նաև սայթաքում: Մեր մարզիկները բոլորը նպատակասլաց են, ունեն իրենց առջև դրված նպատակներ և ձգտում են հասնել դրանց: Նախաօլիմպիական տարին կսկսենք ծաղկաձորյան հավաքով, իսկ հունվարին Հայաստանի առաջնություն կանցկացնենք: 2019 թվականը շատ ծանրաբեռնված է լինելու: Կարծում եմ՝ կապահովենք օլիմպիական վարկանիշներ և կնախապատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2 մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի մրցաշարում, որում երրորդ տեղն էին գրավել Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ): Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր