211652_close_icon
views-count3250 դիտում article-date 14:28 18-10-2018

Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հիացմունքով են խոսել հայկական գինու և կոնյակի մասին. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր բավարարել է «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ալյումինե կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են հիմնականում հանքային և խմելու ջրի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 784 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 27 աշխատատեղ՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 712 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 749 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստան: Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Արմենիա վայն» գործարան և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը բավարարելու մասին որոշումների մեջ: Մասնավորապես, «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 3,4 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 144 նոր աշխատատեղ՝ 204 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն դրամի ներդրում: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գինեգործության և կոնյակագործության ոլորտի զարգացման հնարավորություններին, նշել է, որ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, քաջալերի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչը ինձ համար կարևոր և լավ նորություն էր: Ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ: Ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե իրենց բառապաշարով՝ բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել այդ խմիչքների արտադրության որոշակի միջազգային չափանիշի: Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները արտադրանքի ծավալները մեծացնելու համար։ «Կարծում եմ՝ այս պահին առավել մեծ խոչընդոտը դրա համար արտադրանքի ծավալներն են, և նաև այս կարգի ներդրումային ծրագրերով պետք է աջակցենք մեր գինեգործներին և կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում: Չնայած մյուս կողմից կարող ենք միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ ունենալ նաև Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ, և այս առումով գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի մեր երկրում խաղողի այգիների ծավալները, դրանց մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրները պատշաճ մակարդակի բերենք, որովհետև ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է»,-ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կոնյակի արտադրության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ: «Կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ, այն է՝ ոչ իրական արտադրանքի սպառումը և տարածումը հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակի անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն: Այստեղ էլ մենք պետք է շատ լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որպեսզի չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն կամ թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում: Ընդհանուր առմամբ շատ լավ միտում է, որ մեր այսօրվա կառավարության նիստում մենք հիմնականում քննարկում ենք արտադրությանը վերաբերող ներդրումային ծրագրեր, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք գործարար դաշտի և բիզնեսի հետ համագործակցության դաշտ, այսինքն՝ շարունակում ենք խորացնել մեր համագործակցությունը: Առաջիկայում նաև մենք պետք է Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում լրջագույն քննարկումներ ունենանք բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ և կարողանանք հասնել ըստ էության ըմբռնման, թե մենք ինչ քայլերով պետք է գնանք առաջ, որպեսզի ոչ թե տարբեր, այլ նույն դիրքերում լինենք, նույն խնդիրը լուծելու նպատակն ունենանք՝ ուղղակի յուրաքանչյուրս մեր գործառութային դերերի կատարմամբ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր