3797 դիտում
20:10 06-10-2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Ս. Էջմիածնի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգից:
Հոգեհանգստյան արարողության ավարտին Մայր Աթոռի դիվանապետն անդրադարձել է մեծանուն հայորդու դժվարին և ծանր, բայց միևնույն ժամանակ հաջողություններով ու նվաճումներով լեցուն կյանքի ճանապարհին` նշելով, որ Շարլ Ազնավուրի կորստյան ցավով տրոփում է ոչ միայն համայն հայության, այլև արվեստասեր միջազգային ողջ հասարակության սիրտը:
«Դեպի արվեստի բարձունքը նրա ճանապարհը լեցուն է եղել խոչընդոտներով և մարտահրավերներով: Միայն երկու տասնամյակ նա հետևողականորեն ու համառորեն մաքառել է արվեստասեր հասարակության սիրուն և ճանաչմանն արժանանալու համար` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ:
Նա իրապես մարտիկ է, անձ, ով վերջապես բարձրացավ միջազգային և ֆրանսիական երգարվեստի օլիմպոս: Այսօր Շառլի անունը ճանաչված է ողջ աշխարհում: Նա խորհրդանշում է ոչ միայն հայ-ֆրանսիական բարեկամությունը, այլև նրա անունը խորհրդանիշ է դարձել մարդասիրության, բարեկամության և նեղյալների սրտերը սփոփող անձի: Շատերը վկայություն են բերել, թե ինչպե՛ս նրանք իրենց միայնության մեջ սփոփանք են գտել Շառլի խոսքերում:
Ֆրանսիայի նախագահն հուղարկավորության առիթով իր խոսքում արձանագրեց. «Շառլը, թողնելով իր երկիրը, եկավ հզորացնելու Ֆրանսիան»: Ես կավելացնեի, որ նա ոչ միայն հզորացրեց Ֆրանսիան, այլ նաև հավելեց ճանաչումը մեր ժողովրդի, մեծ զորակցություն ապահովեց Հայաստանին և մեր ժողովրդին», - ի մասնավորի ընդգծել է Արշակ եպիսկոպոսը:
Սրբազանը նշել է նաև, որ Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում հայ ժողովուրդն այսօր իր աղոթքն է բարձրացնում Շառլ Ազնավուրի հոգու հանգստության և խաղաղության համար:
Նմանատիպ նյութեր
2319 դիտում
22:09 31-08-2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ
Այս բաժնից
778 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
679 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
580 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին