211652_close_icon
views-count5220 դիտում article-date 10:38 19-09-2018

ՀՀ սուվերենության սակարկումները Մոսկվայում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաև Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց: Նախորդ տարիներին անընդհատ շրջանառվող թեզն այն մասին, որ լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում հնարավոր է կառուցել արժանապատիվ հարաբերություններ արտաքին դերակատարների հետ, այժմ՝ ընդդիմության իշխանության գալով և համաժողովրդական աջակցության առկայությամբ, շանս էր ստանում դառնալ իրականություն: Իրականության մեջ, սակայն, այժմ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն պակասել, եթե չասենք՝ ավելացել են: Փաշինյան–Քոչարյան քաղաքական դիմակայությունը, այդ դիմակայության մեջ երկու կողմերի ջանքերով երրորդ կողմի ներգրավման փորձերը վերոնշյալի ապացույցն են: Հայաստանի ներսում ծագած ներքաղաքական խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաք և դրսևորվում է մի դեպքում՝ հաճախակի պաշտոնական այցերով և այդ այցերի ընթացքում հնչող կոմպլիմենտների տարափով, մյուս դեպքում՝ զանգերով, շնորհավորանքներով: Բնականաբար, Ռուսաստանի նման գերտերության համար նման իրավիճակը ավելի քան հաճելի է: Փաստացի նրանք շանս ունեն մասնակցել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին՝ հիմնական երկու դերակատարների հետ սերտ կապերի միջոցով, ինչը նշանակում է ոչ միայն զիջել Հայաստանի սուվերենությունը, այլև, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքի սցենարները խմբագրելու շանս տալ այլ պետության: Ռուսաստանին, իհարկե, չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը: Նրանց հետաքրքրում է այդ պայքարի առկայությունը, դրա հնարավորինս պերմանենտ վիճակը: Գուցե ինչ–որ պահի, երբ այդ դիմակայությունը էսկալացիայի նշաններ ցույց տա ու սպառնա դառնալ անկայունացնող գործոն Հայաստանում, նրանք փորձեն միջամտել վերջնական կերպով: Բայց այժմ, երբ դիմակայությունը ստատուս–քվոյի մակարդակում է, ռուսական կողմն առատորեն օգտվում է այդ ստատուս քվոյից՝ շահագրգռելով երկու կողմերին էլ, ֆորմալ և ոչ ֆորմալ աջակցություն հայտնելով, և այս ամենը բնականաբար արվում է ոչ անվճար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր