211652_close_icon
views-count5608 դիտում article-date 12:38 18-09-2018

Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած մահացությունների մակարդակի մասին նոր զեկույցի, 2017 թ.-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից: Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին 5 տարիների ընթացքում, որոնց գրեթե կեսը նորածնային մահեր են: 2017 թ.-ին աշխարհում 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերի կեսը տեղի է ունեցել Ենթասահարյան Աֆրիկայում, իսկ ևս 30 տոկոսը՝ Հարավային Ասիայում: Ենթասահարյան Աֆրիկայում յուրաքանչյուր 13 երեխայից 1-ը մահացել է մինչև 5 տարին լրանալը: Բարձ եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 1-ը 185-ի: Հինգ տարեկանը չլրացած երեխաների մեծամասնությունը մահանում են կանխարգելելի և բուժվող պատճառներից, այնպիսիք, ինչպիսիք են ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող բարդությունները, թոքաբորբը, փորլուծությունը, նորածնային սեպսիսը և մալարիան: Զեկույցում համեմատության համար նշվում է որ, 5-ից 14 տարեկան երեխաների մահվան դեպքերի ավելի հավանական պատճառներ են վնասվածքները, հատկապես ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով և խեղդամահությունները: Տարիքային այս խմբի մեջ տարածաշրջանային առանձնահատկություններ ևս կան՝ Ենթասահարյան Աֆրիկայում մահվան դեպքերը Եվրոպայում տեղի ունեցողների համեմատ 15 անգամ գերազանցում են: Ամենուր բոլոր երեխաների համար ամենառիսկային շրջանը մինչև մեկ ամսականն է: 2017թ.-ին 2.5 միլիոն նորածին է մահացել կյանքի առաջին ամսվա ընթացքում: Ի տարբերություն բարձ եկամուտ ունեցող երկրների, 9 անգամ ավելի հավանական է, որ Ենթասահարյան Աֆրիկայում ծնված երեխան կմահանա մինչև մեկ ամսականը: Հարկ է նշել, որ 1990-ականներից նորածինների կյանքերը փրկելու հարցում առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան 5 տարին չլրացած այլ երեխաների շրջանում: Տարբերություններն առկա են նույնիսկ երկրների ներսում: 5 տարին չլրացած գյուղաբնակ երեխաների մահվան դեպքերի հավանականությունը միջին հաշվով 50 անգամ գերազանցում է քաղաքաբնակ երեխաների շրջանում գրանցված ցուցանիշը: Ի լրումն, կրթություն չստացած մայրերի երեխաները ավելի հավանական է, որ կմահանան մինչև 5 տարին լրանալը, քան միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ստացած մայրերի երեխաները: Չնայած այս մարտահրավերների առկայությանը, տարեցտարի նվազում է մահացող երեխաների թիվը: 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերը կտրուկ նվազել են 1990 թ.-ն գրանցված 12.6 միլիոնից՝ 2017 թ-ին հասնելով 5.4 միլիոնի: Ավելի մեծ տարիք ունեցող երեխաների մոտ, այն է՝ 5-ից 14 տարեկանների շրջանում, նույն ժամանակահատվածում մահացության ցուցանիշը նվազել է 1.7 միլիոնից 1 միլիոնի: Ըստ երկրների տվյալներին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ: [b]Իրավիճակը Հայաստանում[/b] Հայաստանում վերջին տասնամյակներում մանկական մահացության ցուցանիշը կրկնակի նվազել է՝ շնորհիվ Առողջապահության նախարարության ու գործընկերների գործադրած ինտենսիվ ջանքերի, որոնք ուղղված են երեխաների առողջական վիճակի բարելավմանը։ Այսուհանդերձ,ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, վերջին երեք տարվա ընթացքում (2014-2016 թթ.) ցուցանիշի նվազում չի նկատվում: Չի գրանցվել նաև հետնորածնային մահացության իջեցում: Նկատելիորեն ավելացել է մեռելածինների քանակը. 2005 թվականին՝ 358, իսկ 2016 թվականին՝ 699 դեպք։

Նմանատիպ նյութեր