Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է վերսկսել շրջանառության մեջ գտնվող նախագծերի շուրջ աշխատանքները և նախապատրաստվել նոր՝ 8-րդ նստաշրջանի առաջին նիստին՝ ծրագրելով առաջիկա հանձնաժողովային քննարկումները: Խորհրդարանականները պայմանավորվել են որոշ նախագծերի մասով նախնական քննարկումներ անցկացնել ոլորտային պատասխանատուների հետ:
Այնուհետև ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանում առաջիկայում նախատեսվող հանդիպումներին և պատգամավորների մասնակցությամբ այլ միջոցառումների ժամկետացանկին:
Համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատուներին՝ ընթացքավորելու նախանշված աշխատանքները:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]