211652_close_icon
views-count1822 դիտում article-date 13:56 05-09-2018

ՀՔԾ քննիչի որոշումը՝ խափանման միջոց ընտրելու մասին, դեռ չենք ստացել, սակայն ելնելով Վերաքննիչի որոշումից` Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չէր կարող ընտրվել. Ա. Օրբելյան

Սահմանադրական դատարանի 2017 թվականի որոշմամբ մեղադրյալի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ պահելը ճանաչվել է հակասահմանադրական: Ինչ վերաբերում է ՀՔԾ քննիչի կողմից «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ստորագրությունը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշմանը, ապա այդ որոշումը պաշտպանական խումբը դեռ չի ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Երեկ ՀՔԾ քննիչի կողից որոշում է կայացվել, փոստով ծանուցում է ուղարկված որոշման մասին, որպեսզի գնանք և իրականացնենք ստորագրություն չհեռանալու վերաբերյալ: Որոշում չենք ստացել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել՝ այն հիմնավոր է, թե ոչ, սակայն Վերաքննիչ դատարանը մեր պաշտպանյալին ճանաչել է անձեռնմխելի, հետևաբար այդ առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, իսկ խափանման միջոցի կիրառումը ևս քրեական հետապնդում է, ինչից ելնելով կարող եմ ասել, որ որոշումը օրինական չէ: Կլինեն որոշումներ, համաձայն չենք լինի, կբողոքարկենք և հակառակը»,-ասաց Օրբելյանը: Նա հայտնեց, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել են որոշումը և նպատակ չունեն արհեստական խոչընդոտներ ձևավորել: Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահելուն, պաշտպանն ասաց, որ իրենք դիմումներ են ուղարկել ԱԱԾ սահմանապահ զորքեր, որպեսզի պարզեն, թե արդյոք սահմանափակված է Քոչարյանի ազատ տեղաշարժը, որի պատասխանը դեռ չեն ստացել: «Բայց հաշվի առնելով պրակտիկան և երեկ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը՝ հավանաբար պատասխան կստանանք, որ եղել են սահմանափակումներ»,-ասաց Օրբելյանը: Նա հայտնեց, որ «ՀՀ անձնագրի մասին» օրենքում կա դրույթ, որ մեղադրյալի անձնագիրը կարող է պահվել վարույթ իրականացնող մարմնի մոտ, իսկ 2017-ի ՄԻՊ-ի դիմումի վերաբերյալ ՍԴ-ն որոշմամբ դա ճանաչվել է անձի իրավունքի խախտում. «ՄԻՊ-ն այդ հարցով դիմել է ՍԴ, և ՍԴ-ն հաստատել է, որ դա հակասում է ՀՀ սահմանադրությանը»: Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ վարույթն իրականացնող մարմինն ունի անձնագիրը պահելու իրավունք: Հատուկ քննչական ծառայությունից նաև հայտնել են, որ ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց չէր ընտրվել:

Նմանատիպ նյութեր