Փայլանը փորձել է թույլ չտալ Հրանտ Դինքի որդու ձերբակալումը․ նոր մանրամասներ Ստամբուլում ոստիկանների հետ բախումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախօրեին Ստամբուլում «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի ժամանակ ոստիկաններին դիմակայած հայազգի պատգամավոր Կարո Փայլանը փորձել է պաշտպանել ու թույլ չտալ Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալումը։ Փայլանի ու նրա մի քանի կուսակիցների ջանքերի շնորհիվ ոստիկաններին, ի վերջո, չի հաջողվել բաժանմունք տանել Արատ Դինքին։
«Ակօսը»-ի փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակիցների, նրանք, սակայն, այսօր արդեն ազատության մեջ են։
Կ. Փայլանի հետ միասին Արատ Դինքի ձերբակալության խոչընդոտել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։
Հայտնի է, որ «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի անցկացման համար կազմակերպիչները քաղաքապետարանից թույլտվություն չեն ունեցել, այնուամենայնիվ, որոշել են իրականացնել նստացույցը։
«Շաբաթօրյա մայրերի» նախաձեռնությունն իրենից ներկայացնում է 1980-90-ական թվականներին՝ քրդական շարժման լարված ժամանակաշրջանում կալանավորված ու բանտերում անհայտ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ գնացած անձանց մայրերի բողոքի ակցիաներ, որոնք անցկացվում են 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր՝ Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։
Նախօրեին «Շաբաթօրյա մայրերի» 700-րդ ակցիան էր։