Ես Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն կատարել է իր նախընտրական խոստումը և Ամերիկան կրկին հզոր է դարձրել ընդամենը 1,5 տարում։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1030456820417081344]էջում[/url]։
Որպես ապացույց՝ նա նշել է իր նախագահության օրոք ֆոնդային շուկաների աճը, գործազրկության մակարդակի նվազումը, ԱՄՆ զինուժի ամրապնդումը։
Հանրապետական նախագահը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով դեմոկրատ, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հայտարարությանը, թե՝ «ԱՄՆ-ն չի համարում հզոր երկիր, որովհետև կանայք շարունակում են խտրականության ենթարկվել...»։
«Ես արդեն Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել, միայն նայեք շուկաներին, աշխատատեղերին, զինված ուժերին՝ ռեկորդներ ենք սահմանում և ավելի լավը կդարձնենք»,- գրել է նա։
Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Ամերիկան կրկին հզոր դարձնել՝ վերականգնել արդյունաբերությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, թեթևացնել բիզնեսի համար հարկային բեռը, խստացնել միգրացիոն քաղաքականությունը, վերանայել արտաքին քաղաքականությունում ուղղությունները։