211652_close_icon
views-count6173 դիտում article-date 18:34 07-08-2018

Կամո Արեյանը հետևել է էրեբունի վարչական շրջանում ընթացող աշխատանքներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների և քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է հիմնանորոգման ավարտական փուլում գտնվող Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նախորդ դարի 60-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախը հիմնանորոգելու, նոր ու թարմ շունչ հաղորդելու գործընթացը մեկնարկել էր 2017 թվականի օգոստոսին՝ Երևանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով: Շենքին համալիր մոտեցում է ցուցաբերվել. հիմնանորոգվել են մասնաշենքերի շուրջ 6000 քմ տարածքով հարկաբաժինները, դասասենյակներն ու սանհանգույցները, օգտագործվել են ջերմամեկուսիչ նյութեր, փոխվել է տանիքի ծածկը, ինչպես նաև ներդրվել է լուսադիոդային և էներգախնայող ժամանակակից համակարգ: Զեկուցվել է, որ բարեկարգ ու ակնահաճո տեսք կստանան նաև բակային տարածքները, որոնք կառանձնացվեն կանաչ գոտիներով, ըստ անհրաժեշտության առանձին հատվածներ կասֆալտապատվեն, կունենան գեղեցիկ անցուղիներ ու նոր եզրաքարեր: Տեղում տրվել են հանձնարարականներ: Հարկ է նշել, որ Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարան-ՄԱԿ-ի զարգացման ծրագիր համագործակցության հերթական օրինակն է, որի հիմքում Էներգաարդյունավետության ու ջերմամեկուսացման բաղադրիչների համակողմանի կիրառումն է: Ի դեպ, ջեռուցման համակարգի արդիականացման արդյունքում տեղադրվել են կոնդենսացիոն տիպի կաթսաներ, որոնց շնորհիվ զգալիորեն կբարձրանա օգտակար գործողության գործակիցը, և շենքի սպասարկման ծախսերը կկրճատվեն շուրջ 60 տոկոսով: Համատեղ նմանատիպ մի ծրագիր էլ անցած տարեվերջին ավարտին է հասցվել մայրաքաղաքի համար 160 մանկապարտեզում: Կամո Արեյանն այցելել է նաև Էրեբունի թանգարանի հարակից հատվածում կառուցվող հանգստի նոր գոտի, որը «Բադալյան ընտանիք»-ի նվերն է երևանցիներին՝ մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակի առիթով: Իրականացվող ծրագրի շրջանակում այգին հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով ու անվճար WI-FI կապով, ջրային զանգվածներով ու հուշարձան-քանդակներով: Այգում արդեն կառուցվել է ամֆիթատրոն, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Հարկ է նաև նշել, որ հենց բարերարի ցանկությամբ այգում առևտրային որևէ գործունեություն չի ծավալվի: Այն լինելու է նստարաններով, զրուցատաղավարներով ու մանկական խաղահրապարակով կահավորված հանգստի գոտի, որի 70 տոկոսը կլինի կանաչապատ:

Նմանատիպ նյութեր