ժամացույցի սլաքներն առաջ են գնում և արդեն եկել է Բրանսոնին վերադարձնելու ժամանակը․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը համաձայնվեցին հարթել երկու երկրների միջև մի շարք հարցերում առկա հակասությունները: Սինգապուրում նրանց միջև հանդիպումն անցկացվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սկսեց ընդդեմ թուրք երկու նախարարների, որոնց մեղավոր է համարում Թուրքիայում ամերիկացի կրոնավոր Էնդրու Բրանսոնին կալանավորելու մեջ:
Չավուշօղլուն հանդիպումից հետո ասել է, թե ինքը Փոմփեոյին մի քանի անգամ է հղել այն ուղերձը, որ «սպառնալիքների լեզվով խոսելու միջոցը ու պատժամիջոցները ոչ մի հարց լուծել չեն կարող»: Թուրքական հեռուստակայանների միջոցով նա ասել է, թե իրենք համաձայնվել են միասնաբար աշխատել, համագործակցել և շարունակել երկխոսությունը:
Թուրք երկու նախարարների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջիցներ սկսվելուց մի քանի ժամ անց Թուրքիան հանդես եկավ պատասխան քայլերը չուշացնելու մասին հայտարարությամբ, սակայն թուրքական կողմից ձայնի երանգն արագ խամրեց:
Փոմփեոն ավելի ուշ լրագրողներին ասաց, որ Միացյալ Նահանգները Թուրքիային տեղեկացրել է այն մասին, որ «ժամացույցի սլաքներն առաջ են գնում և արդեն եկել է Բրանսոնին վերադարձնելու ժամանակը»:
«Կարծում եմ, նրանք կըմբռնեն, թե որքան լրջորեն ենք մենք մոտենում այս հարցին: Իսկ սա թուրքերի հետ ունեցած մեր բազմաթիվ հարցերից մեկն է», ասել է Փոմփեոն:
Փոմփեոն ասել է նաև, թե պիտի ազատ արձակվեն Թուրքիայում ձերբակալված մյուս երեք անձինք: Խոսքը թուրք այն երեք անձանց մասին է, որոնք աշխատել են Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը:
Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ համագործակցելու մեջ: Բրանսոնին, որը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները, սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում:
Ավետարանական եկեղեցու հոգևորական Բրանսոնի կալանավորումը մեծապես մտահոգում է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին, որն անձնապես ունի ամուր կապեր Ավետարանական եկեղեցու հետ:
21 ամիս բանտում անցկացրած Էնդրու Բրանսոնը մի քանի օր առաջ դուրս բերվեց բանտից ու դրվեց տնային կալանքի տակ: ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը զսպել է իր հայտարարությունները և խուսափում է Թրամփի նկատմամբ քննադատություններից: