Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: Այսօր այս մասին հայտարարել է գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Երկրի ղեկավարը նշել է, որ որոշումը կայացվել է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համաձայնության արդյունքում։
Ի դեպ, այս տարի, ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների, Վրաստանում կանցկացվեն ուղիղ կարգով վերջին նախագահական ընտրությունները։
Մարգվելաշվիլին կրկին չի հստակեցրել սեփական թեկնածությունն առաջադրելու մասին հարցը։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, ով Միխաիլ Սաակաշվիլիի ժամանակ եղել է երկրի արտաքին գործերի նախարարը: