211652_close_icon
views-count4483 դիտում article-date 13:52 28-07-2018

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանում մոտ 70 հազար հեպատիտ C-ով վարակված հիվանդ կա

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»: Հայաստանի Հանրապետությունում մոտ 40-50 հազար հեպատիտ Բ-ով և մոտ 70 հազար հեպատիտ Ց-ով վարակված հիվանդ կա: ԱՀԿ-ի տվյալներով` Եվրոպական տարածաշրջանում շուրջ 15 մլն մարդ ապրում է վիրուսային հեպատիտ Բ-ով, 14 մլն-ը` հեպատիտ Ց-ով:Վարակվածների երկու երրորդն ապրում է Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Լյարդի քաղցկեղով դեպքերի շուրջ 60% պայմանավորված է հեպատիտ Բ-ի և Ց-ի ուշ հայտնաբերումով, ընդ որում` հեպատիտ Բ-ով պայմանավորված է քաղցկեղների 43%-ը, հեպատիտ Ց-ով՝ 17%: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև՝ հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Ց-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.5 անգամ, իսկ սուր Բ-ինը՝ 1.7 անգամ: Հուլիսի 28-ին, ժամը 16:00-20:00 Հյուսիսային պողոտայում քաղաքացիները կարող են անցնել հեպատիտ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն:

Նմանատիպ նյութեր