Ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից․ վարչապետ․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ և խոսել է ՀՀ-ում ներդրումներ անելու մասին:
Դիմելով գործարարներին՝ Փաշինյանը ասել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որևէ շեմից: Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարինել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը:
«Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժողովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից»,- ասել է վարչապետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]